Բաժիններ՝

«Մեղեդի» սրճարանի մոտ սպանված 33-ամյա Վահան Հովհաննիսյանի ընտանիքը բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին

«Մեղեդի» սրճարանի մոտ այս տարվա հուլիսի 25-ին սպանված 33-ամյա Վահան Հովհաննիսյանի ընտանիքը բաց նամակով դիմել է  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ը: Ներկայացնում ենք նամակից մի հատված.

«Մեծարգո պարոն նախագահ,

Այս նամակը թերեւս վերջին հույսն է օրինականության հաղթանակի կայացման և ապօրինության և ամենաթողության ժխտման: Ընտրել եմ բաց նամակի տարբերակը, քանզի բազմաթիվ ընտանիքներ, քաղաքացիներ ուշադրության կենտրոնում են պահում աննախադեպ, իր տեսակի մեջ լկտիությամբ ու սառնասրտությամբ կատարված սահմռկեցուցիչ սպանությունը: Սույն թվականի հուլիսի 25-ին, գիշերը, մարդկային կերպարանքով գազանը սպանեց ամուսնուս՝ 33-ամյա Վահան Հովհաննիսյանին՝ խեղելով մի հայկական ավանդական ու ավանդապաշտ ընտանիքի ճակատագիր: Ընտանիք, որն ապրում էր մեր համաքաղաքացիների նման, թեեւ դժվարություններով, բայց հավատով եւ լավատեսությամբ… Այժմ, երբ տանը մնացել ենք ես, 2 անչափահաս աղջիկներս եւ 72-ամյա հաշմանդամ սկեսուրս, հույս, հավատ եւ լավատեսություն բառերը օգտագործվում են անցյալ ժամանակով: Դժվար է նայել երեխայի աչքերի մեջ, երբ հարցնում է՝ ուր է հայրը: Սարսափելի է ու ավելի է սաստկանում ցավը, երբ մարդասպանը ազատություն է վայելում, իսկ օրինապահ մարմինները անկարողություն կամ մի գուցե աչքափակություն են անում:

Մտահոգում է այն փաստը, որ մայրաքաղաքի սրտում «մարդը» զենքը դրած թեթև շապիկի տակ «աննկատ» կարող է զինված զբոսնել: Տեղում, երբ ՊՊԾ-ի աշխատակիցների մի ստվար զանգված կա, երբ տարածքը վերահսկվում է բարձրակարգ ինֆրակարմիր տեսագրման սարքերով: Որտեղ զբոսնում են ընտանիքներով ու հյուր եկած զբոսաշրջիկները… լկտի ու ողորմելի արարածը սառնասրտորեն այդ ամենը արհամարելով կատարում է ոճրագործություն առանձնակի դաժանությամբ, բազմության աչքի առջև:

Նման փաստերի ու վկաների առկայության դեպքում ՀՀ իրավապահ մարմինները ի զորու չեն բացահայտել: Մեղմ ասած տարակուսում եմ: Թերեւս երկրում ձեւավորվել է «ընտրյալների» մի խումբ, որոնք անպատիժ պիտի մնան ցանկացած դեպքում ու արյան հոտից ու թողտվությունից էլ ավելի գազազեն ու նոր «որս» փնտրեն: Երկրում կան լավ, մարդու կյանքի ու անվտանգության համար ստեղծված օրենքներ, բայց դրանք կիրառվում են ոչ բոլորի նկատմամբ: «Եղունգ ունես գլուխդ քորի» կամ «տերովին տերն է տարել…» ասացվածքները մարդկանց մոտ նույնացվում են մարդու իրավունքի, օրենքի արդարության հետ. .. Անկեղծ ասած ափսոսում եմ նման որոշման համար…»:

Նամակն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս