Ավիացիայի հարցերը որոշվում են հույժ գաղտնի պայմաններում
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում դեռ չգիտեն, թե երբ ի վերջո կհայտարարվի հայկական ավիափոխադրող ընկերությունների մրցույթը: Համենայն դեպս, մեզ այսպես պատասխանեցին քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Հիշեցնենք, տարիներ շարունակ միակ ազգային փոխադրող համարվող «Արմավիայի» սնանկացումից հետո կառավարությունը երկար քննարկումներից արդյունքում որոշվեց, որ Հայաստանին, այնուամենայնիվ, ազգային փոխադրող պետք է, բայց ոչ թե մեկը, ինչպես նախկինում էր, այլ՝ երեքը:
Եվ ահա, հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ, ստորագրվեց համաձայնագիր Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի, McKinsey & Company ընկերության և կառավարության միջև՝ մեր երկրում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ապահովման նպատակով ծրագրի մշակման շուրջ:
Իսկ հուլիսի 22-ից արդեն հայ և ամերիկացի մասնագետները սկսեցին իրենց աշխատանքը, որի արդյունքում նախանշված է անցկացնել նաև 3 ավիաընկերությունների ընտրության համար սպասված մրցույթը:
Մրցույթի հայտարարման համար նախապես նշվել էր հուլիսի վերջը, ավելի ուշ՝ օգոստոսի: Սակայն, արդեն ավարտին է մոտենում սեպտեմբեր ամիսը, իսկ մրցույթի մասին դեռ որևէ տեղեկություն չկա: Բավական գաղտնի են պահվում նաև ոլորտի վերաբերյալ ընթացող խորհրդատվական քննարկումները քաղավիացիայի մասնագետների, ամերիկյան McKinsey & Company ընկերության փորձագետների և Ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Չի հրապարակվում նաև դրանց ավարտի և մրցույթի հայտարարման գոնե մոտավոր ժամկետը:
«Փաստինֆո»-ի հարցին, թե երբ կավարտվեն խորհրդատվական խմբի աշխատանքները, թե՜ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում և թե’ Ազգային մրցունակության հիմնադրամում հստակ պատասխան չտվեցին, վստահեցնելով, թե դրանց ավարտի մասին հանրությունը կտեղեկանա օրենքով նախատեսված կարգով:
Մանրամասները կարդացեք այստեղ՝