Ովքեր են տապալել Նունեի համերգը

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած Նունե Եսայանի համերգը մի տհաճ հետք է թողել. հրավիրված 131 պատգամավորներից համերգին մասնակցել է ընդամենը 6-7 պատգամավոր: Դա` այն դեպքում, երբ պատգամավորների մեծամասնությունը ներկա է գտնվել Մարզահամերգային համալիրում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: Նրանք երևի համարել են, որ բաժակը ձեռքին Սերժ Սարգսյանին Անկախության տոնի առիթով շնորհավորելով, իրենց պարտքը կատարել և ներկա են ստացել: Իրավիճակը փրկելու համար պատգամավորների թափուր աթոռներին նստեցրել են ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներին:

Շատերը կատարվածի մեջ ոչ մի արտառոց բան չեն տեսնում և համարում են, որ ԱԺ բոլոր պատգամավորներից պահանջել ինքնազոհողության գնալու պատրաստակամության դրսևորման նման աստիճան` այնքան էլ արդարացի չէ: Բայց մյուս կողմից` հրավերքն ուղարկվել է ՀՀ նախագահականի անունից, և եթե պատգամավորները չեն ընդունում նախագահի հրավերը, ռևիզիայի ենթարկելով նրա ճաշակը, համարելով այն ունկնդրման ոչ արժանի, ապա դա վիրավորանք է նախագահի նկատմամբ:

Եթե ընդդիմադիր և այլընտրանքային խմբակցությունների պատգամավորների բոյկոտը քաղաքականապես կարելի է հասկանալ և բացատրել, ապա դժվար է բացատրություն գտնել ՀՀԿ-ականների պահվածքին, ովքեր պատգամավոր են դարձել բացառապես Սերժ Սարգսյանի անձնական որոշման արդյունքում:

Մեր տեղեկություններով, այս տապալման պատասխանատվությունը ՀՀԿ-ում փորձում են բարդել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի վրա: Բայց ինչպե՞ս կարող է Գալուստ Սահակյանը պարտադրել պատգամավորներին ներկա գտնվել տոնական համերգին, եթե նա չունի բռնության անհրաժեշտ լծակներ, իսկ առանց բռնության պատգամավորներին նույնիսկ ԱԺ դահլիճում պահելն է այլևս անհնարին դարձել:

nune15

nune6

Լուսանկարները` armstar.am-ի

Տեսանյութեր

Լրահոս