Ծեծի, ջարդի հեղինակը եղել է Կարեն Բաբակեխյանը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բանդիտիզմի գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալներ Սամվել Դավթյանի, Արթուր Մանուկյանի ու Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նախազգուշացում: Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ կարգուկանոնի հաջորդ խախտման դեպքում կկիրառվի ավելի խիստ դատական սանկցիա՝ ընդհուպ մինչև դատական նիստերի դահլիճից հեռացում: Դատարանն այսպիսով նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ հիշյալ ամբաստանյալների կողմից ինքնավնասման փորձը գնահատեց որպես կարգուկանոնի խախտում: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Պաշտպանական կողմը կարծիք է հայտնել, որ ինքնավնասումը անհարգալից վերաբերմունք չէ դատարանի հանդեպ, այլ հանրության ուշադրությունը նախաքննության ընթացքում ամբաստանյալների նկատմամբ կիրառված խոշտանգումների վրա հրավիրելու փորձ:
Մասնավորապես, ամբաստանյալ Դավիթ Գալստյանը հայտարարել է, որ ինքը նախաքննության ընթացքում 10 օր պահվել է ՁՊՎ-ում, ինչն արդեն իսկ մարդու իրավունքների խախտում է, պատճառն այն էր, որ «այնքան էին ծեծել, որ ոտքի վրա չէի կարողանում կանգնել»: Ծեծի, ջարդի հեղինակն, ըստ նրա, Կարեն Բաբակեխյանն էր (ներկայումս Շիրակի մարզի ոստիկանապետ): Ամբաստանյալը կարծիք է հայտնել, որ նախագահող դատավորը «վերևների հրահանգով» ամեն օր դատական նիստեր է հրավիրում, որպեսզի հապշտապ գործի քննությունն ավարտվի: «Մենք բանդայի հետ կապ չունենք, իրականությունը ջրի երես է դուրս գալիս՝ ակնհայտ է դառնում, որ բանդան իրականում «կեղծ բանդա է»:
Ամբաստանյալ Արթուր Մանուկյանն իր հերթին նշել է՝ «չեմ ուզում հերթական զոհը լինել»՝ ակնարկելով Գուրգեն Հայրապետյանի (նա, ըստ գործի նյութերի, փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, բարձրանալով Մյասնիկյան պողոտային հարակից ժայռի վրա, վայր է ընկել և մահացել) և վերջերս նաև ամբաստանյալ Արման Դալլաքյանի մահը: «Մարդիկ են զոհվում կտտանքների հետևանքով»,- հավելեց ամբաստանյալ Սամվել Դավթյանը:
Նախագահող դատավոր Մ.Պապոյանը պարզաբանել է, որ «ոչ ոք ձեր թշնամին չէ, քննության ենթակա գործ է, մեղադրանք է ներկայացվել, քննում ենք»: Դատավորը հորդորել է պահպանել կարգուկանոն, որպեսզի հնարավոր լինի իրականացնել լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն և արդյունքում իրականացնել ճիշտ արդարադատություն: Դատական նիստերը ամեն օր նշանակելը, ըստ դատավորի, իր որոշումն է և նպատակ ունի արդյունավետ քննություն իրականացնել: Լսելով դատավարության մասնակիցների կարծիքները՝ դատարանը որոշեց այսուհետ նիստերն անցկացնել շաբաթական մեկ անգամ, սակայն եթե պաշտպանական կողմը՝ մեղադրանքի կողմի պես հնարավոր համարի ամեն օր կամ շաբաթական երկու անգամ նիստեր անցկացնելը, ապա դատարանը պատրաստ է ավելի հաճախակի նիստեր հրավիրել: Դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը տուժող Նապոլեոն Ազիզյանին դատարան հրավիրելու ու հարցաքննելու մասին՝ ցայժմ նա առողջական պատճառներով չի ներկայացել դատարան, և դատարանում հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: