Զարուհի Փոստանջյան. «Այն դրածոները, ովքեր հայտարարություններ են արել, ժամանակի կողմից մաքրվելու են»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով` պետք է պայքարել ոչ թե իշխանությունների՝ վերջին շրջանում որդեգրած գաղտնի բանակցություններ վարելու քաղաքականության դեմ, այլ` ժողովրդի իշխանությունը հաստատելուն ուղղված քայլեր նախաձեռնել:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը` անդրադառնալով այն տեղեկություններին, թե ՀՀ իշխանությունները Մաքսային միության շուրջ բանակցությունները փակ ռեժիմով սկսել են վարել դեռևս 2012թ., ինչպես վարվել են գազի սակագնի բարձրացման շուրջ վարվող բանակցությունների դեպքում:

«90-ականների սկզբին մենք ունեցանք հաղթանակներ, որովհետև մենք ունեինք ընտրած զորավարներ, ընտրած իշխանություն: Հետո մենք ունեցանք անկում, հատկապես՝ բնակչության թվի պակաս, որովհետև չունենք ընտրված իշխանություններ: Մեր իշխանությունները նշանակված են և, բնականաբար, այդ նշանակված անձինք վարում են իրենց ձեռնտու, նշանակված քաղաքականությունը: Մենք պետք է ունենանք մեր անկախ ազգային պետությունը, որի ներքո կարող ենք ունենալ այն բարեկեցիկ կյանքը, որին ձգտում ենք»,- նշեց պատգամավորը` ավելացնելով, որ «Ժառանգությունը» դեմ է Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, որովհետև այն սպառնում է պետության ինքնիշխանությանը.

«Նման միությունն անթույլատրելի է: Իսկ այն մարդը, ով նման հայտարարություն է արել անդամակցության մասին` անմեղսունակ է, դավաճան է, ՌԴ-ի կողմից նշանակված գործակալ»:

Մեր հարցին, թե՝ համամի՞տ եք այն տեսակետներին, թե Կառավարության կողմից Մաքսային միությանն անդամակցելու միջոցառումների ցանկը կազմելուց հետո Եվրոպայի դռները վերջնականապես փակվեցին ՀՀ-ի առջև, Զարուհի Փոստանջյանը չհամաձայնեց.

«Այդ դրածոները, ովքեր հայտարարություններ են արել, ժամանակի կողմից մաքրվելու են: Այդ դրածոներին մաքրելու են ոչ միայն քաղաքացիները, ժողովուրդը, այլև` ժամանակը: Որևիցե մեկը մեր տեղը չի կարող որոշումներ կայացնել, դռներ փակել: Սերժ Սարգսյանը մի փոքր երևույթ է, որ նպաստի և գործողություններ իրականացնի մեր կամքի նկատմամբ: Մենք անկախ պետության քաղաքացիներ ենք և չենք գործելու կախյալ կամ էլ պարտադրման ներքո»:

Ի պատասխան մեր այն հարցին, թե՝ հույս ունե՞ք, որ Վիլնյուսում որևէ փաստաթուղթ կստորագրվի ԵՄ-ի և ՀՀ-ի միջև, նա այսպես արձագանքեց. «Մենք՝ որպես հայ ժողովուրդ, որն ունի հազարամյակների պատմություն, հայկական բարձրավանդակ, վերջիվերջո պետք է գիտակցի, որ այն իրեն է պատկանում, որ հայրենիքն արժեք է, որի համար ներդրումներ պետք է ունենալ: Մնացած բոլորը հարցերը երկրորդական են` կարող են առաջ գալ, հետ գնալ, բայց ամենակարևոր գաղափարը դա պետք է լինի բոլորիս մեջ` ոչ թե գնանք մի տեղ մի բան խնդրենք, կախյալ կամ նվազ լինենք, այլ` գիտակցենք մեր արժեքը:

Խոսում են, թե Ռուսաստանը մեզ անվտանգություն է երաշխավորում: Այս ի՞նչ խոսակցություններ են, թե ՌԴ-ն իբրև ապահովում է մեր անվտանգությունը: Բայց մեր արևելյան սահմանը, Ադրբեջանի հետ մեր սահմանը պահում են մեր զավակները, հայ զինվորները, իսկ զորքերը, որոնք կանգնած են Թուրքիայի սահմանին` քեմալաբոլշևիկյան սահմանն է, Հայաստանի սահմանը չէ… Այնպես որ` Ռուսաստանի իշխանություններն իրենց անվտանգության մասին են խոսում, իրենց անվտանգության մասին են մտածում: Մենք տեսնում ենք, թե ինչ քաղաքականություն է վարվում ՌԴ-ի կողմից մեր նկատմամբ, ու կարող եմ ասել հակառակը` ռուսները խրախուսում են մեր ոչ անվտանգությունը»:

Տեսանյութեր

Լրահոս