Րաֆֆի Հովհաննիսյան. «Մեր պետականությունը վտանգի տակ է»

«Սեպտեմբերի 21-ը ոչ միայն համազգային տոն է, այլ նաև պատասխանատվություն»,- այսօր Ազատության հրապարակում` անկախության տոնի նախօրեին կազմակերպված հանրավաքին, ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իր ելույթը սկսեց` Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի բառերն արտասանելով:

«Այսօր` սեպտեմբերի 21-ի նախաշեմին, մենք եկել ենք տարբեր անկյուններից` գյուղից և քաղաքից, քաղաքական կուսակցություններից և քաղաքացիական նախաձեռնություններից… ասելու, որ մեր պետականությունը, որը վաղն իր վերականգման 22-ամյակը կնշի, վտանգի տակ է»,- նշեց նա: Ըստ նրա` անկախության պատասխանատվությունը պատկանում է ժողովրդին, և որևէ մեկը չի կարող ժողովրդից վերցնել այդ հանձնառությունը:

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց ստեղծել միասնական ճակատ` անկախ քաղաքական և քաղաքացիական պատկանելիությունից, քանի որ, եթե չստեղծվի այդ միասնական ճակատը, որևէ մեկն իրենց չի ներելու պետականության կորստի համար. «մեր միասնությամբ այնպես պիտի անենք, որ ով գնաց կեղծիքի ճանապարհով, ով գողացավ ընտրություններ և ով հանցագործ և հակապետական քայլ կատարեց, հեռանա իր գրաված աթոռից»:

«Անհրաժեշտ է, որ օր առաջ նա, ով կազմակերպեց այդ հանցագործությունը փետրվարի 18-ին, ով նախաձեռնեց Հայաստան-Թուրքիա հակապետական արձանագրությունները, ով խորացրեց Մադրիդյան հակասահմանադրական սկզբունքները և ով մի քանի շաբաթ առաջ միանձնյա, ստորացված և ստրկացած վիճակում հայտարարեց Հայաստանի ինքնիշխանությունն ուրիշին ենթարկեցնելու մասին, պետք է հեռանա իր աթոռից, ուրիշ ճար չկա»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Սա արդեն Հայաստանի անընտիր, ոչ իրավակարգ իշխանությունների մասնակցությամբ և խնդրանքով թուրք-բոլշևիկյան 21 թվականի պայմանագրի վավերացումն է: Եվ ով չմիացավ այս պայքարին, զիջում է մեր ազատությունը և ինքնիշխանությունը… Ով ճանաչի Հայաստանի շահը, ով ճանաչի Հայաստանի քաղաքացու իրավունքը, մեր ռազմավարական գործընկերն է, բայց թող ոչ մեկը` Արևելքից, թե Արևմուտքից, անկախության այս տոնի նախաշեմին մեզ քարոզ չկարդա և չփորձի մեր անկախությունը մեզնից խլել,- շեշտեց Րաֆֆի Հովհաննիսյանը,- Ոչ ոք իրավունք չունի Հայաստանի Հանրապետությունը և մեր Սահմանադրությունը ենթարկել որևէ այլ տերության կամ ուժի: Առաջինը մենք պիտի կարգի հրավիրենք մեր տունը, հետո ով հարգեց մեր Սահմանադրությունը, ժողովրդավարությունը և ազգային շահը, դրանից հետո կորոշենք: Ներկա դրությամբ սա 21 թվի ժամանակակից վավերացումն է, և դա անընդունելի է»:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանի խնդրանքով` հավաքն իր աղոթքով օրհնեց Տեր Գրիգոր քահանան, ով իր հերթին հիշեցրեց, որ անկախությունն ու ազատությունը մեծագույն պարգևներ են` Աստծու կողմից, սակայն նաև ավելացրեց, որ անկախությունը հռչակելը, որը կատարվեց 22 տարի առաջ, բավարար չէ, այն պետք է նաև կերտել ամեն օր: «Բայց մեկ բան կա, որ խանգարում է այդ կերտումին, ընդհանրապես, մարդկային երջանկությանը մեկ բան է խանգարում, դրա անունը մեղք է, մեղքը հեռացնենք մեր կյանքերից, մեր անձից, մեր ընտանիքից, մեր հավաքականությունից և մենք կլինենք հզոր, անկախ և երջանիկ»,- նշեց Տեր Գրիգորը:

Տեսանյութեր

Լրահոս