Բաժիններ՝

Տրակտորիստն ու կթվորուհին չեն ընդունում, թե բռնաբարության փորձ է եղել

Կոտայքի մարզի անասնաֆերմայի տրակտորիստ Սիսակ Մելքոնյանը և կթվորուհին 2012թ.-ի ամռան սկզբից անասուններին պահել են «Աստղաբերդ» կոչվող սարատեղում և բնակվել այնտեղ  շարժական վագոն-տնակներում: Ինչպես գրում է Փաստինֆոն, Սիսակ Մելքոնյանն, ըստ նրան առաջադրված մեղադրանքի,  ոգելից խմիչք օգտագործած վիճակում, սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ, 2012թ հուլիսի 12-ին ժամը 02:00-ից 03:00-ը ընկած ժամանակահատվածում, գնացել է տուժողի վագոն-տնակ, մոտեցել է նրա մահճակալին և նրա կամքին հակառակ փորձել է նրա հետ բռնի կերպով սեռական հարաբերություն ունենալ, սակայն Սիսակ Մելքոնյանն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը: Կինը դիմադրություն է ցուցաբերել, սեղանին դրված թեյի բաժակով հարվածել է Սիսակի Մելքոնյանի գլխին, նրան պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք ու դուրս փախել վագոն-տնակից: Այդ ժամանակ, տուժողը վայր է ընկել վագոն-տնակի աստիճանների դիմաց և ստացել միջին ծանրության մարմնական վնասվածք: Այնուհետև, Սիսակ Մելքոնյանը դուրս է եկել վագոն-տնակից, նկատել գետնին ընկած կնոջը, մոտեցել նրան, մի ձեռքով բռնել է նրա կոկորդից, իսկ մյուս ձեռքին եղած դանակով սպառնացել է վերջինիս ապօրինաբար կյանքից զրկել: Այդ ժամանակ, այնտեղ են գնացել գործով վկաներ Շահեն Քառյանը, Քրիստինե Օհանյանը, Անուշ Թումանյանը, Աշոտ Անտոնյանը, ովքեր փորձել են հանգստացնել Սիսակ Մելքոնյանին, Շահեն Քառյանը մոտեցել է նրան, բռնել ձեռքից, որի հետևանքով Ս.Մելքոնյանը գցել է դանակը և հեռացել:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 17.01.2013թ.-ի որոշմամբ Սիսակ Մելքոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով՝ Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքը,  քրեական գործի վարույթը կարճվել է և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է տուժողի  կողմից հաշտվելու պատճառաբանությամբ:

Ամբաստանյալը ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով՝  բռնաբարության փորձ,   առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել  և հայտնել, որ նման բան չի եղել, ինքը կթվորուհուն  չի նեղացրել, միայն իրեն անհայտ պայմաններում վերջինիս  ոտքը կոտրվել է, որում տուժողն իրեն է  մեղադրել: Ամբաստանյալը դատարանում հայտնել է նաև, որ  նախաքննությամբ ցուցմունք տալիս, ինչպես նաև  տուժողի  հետ առերես հարցաքննությամբ ինքն ընդունել է, որ եղել է բռնաբարության փորձ՝   սպանության սպառնալիքով, չգիտակցելով դրա հետևանքները, մինչդեռ դատարանում անկախ այն հանգամանքից, որ սպանության սպառնալիքի մասով տուժողի հետ հաշտվել են և քրեական գործի վարույթն այդ մասով կարճվել է, այնուամենայնիվ, տալիս է ճիշտ ցուցմունք և պնդում է, որ ինքը սպանության սպառնալիքով տուժողին  բռնաբարելու փորձ չի կատարել:

Նախաքննության ընթացքում  Սիսակ Մելքոնյանը  որպես կասկածյալ   ցուցմունք է տվել, որում, մասնավորապես,  նշել է, որ  Ռուստամը խոսակցության ժամանակ իրեն պատմել է, որ նախորդ օրը ինքը ` Սիսակ Մելքոնյանը, գինովցած գնացել է տուժողի  վագոն-տնակ, որտեղ ձեռք է գցել վերջինիս կրծքերին, ինքն ուզեցել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն կինը մերժել է, որից հետո ինքը դանակի միջոցով սպառնացել է տուժողին՝   ասելով, որ նրան կսպանի:

Իր գլխի վնասվածքների առաջացման մանրամասները չի հիշում, միայն հետագայում, երբ գյուղում հանդիպել է տուժողին, նա իրեն ասել է, որ գլխի վրայի վնասվածքներն առաջացել են իր կողմից նետած թեյի բաժակի հետևանքով, քանի որ ինքը նրա կրծքերին ձեռք է գցել, որից հետո կինը  մերժել է և դանակը ձեռքին ասել է նրան, որ կսպանի:

Սիսակ Մելքոնյանը նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ հարցաքննվելիս  ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով և 34-138 հոդվածի 1-ին մասով, այսինքն`  տուժողի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու և սպանության սպառնալիք տալու համար առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար, խնդրել է իր նկատմամբ մեղմ պատիժ կիրառել, պնդել է որպես կասկածյալ տված ցուցմունքը, խնդրել է այն հիմք ընդունել:

Դատարանում էական  փոփոխություն են կրել նաև տուժողի ցուցմունքները, ըստ որոնց գիշերն իրեն  արթնացրել են և տեղեկացել է, որ Սիսակը տրակտորով, որի լույսերը չեն աշխատել, ինչ-որ տեղ է գնացել և ոչ ոք չգիտի, թե ուր:   Քանի որ տարածքը ինքն է հսկում և մեխանիզմների համար ինքն էր պատասխանատու, իսկ Սիսակը տրակտորը վերցրել էր առանց իրեն ասելու, ինքը բարկացած գնացել է նրա հետևից, ետ վերադառնալիս ընկել է և ոտքը կոտրել:

Տուժողը դատարանում հայտնել է, որ հաղորդումը, նախաքննությամբ տրված ցուցմունքները, առերես հարցաքննությունները գրվել են իր կողմից և իր ասածով, սակայն դրանք սուտ են, այդպիսի արարք Սիսակի կողմից չի թույլ տրվել և այդ քայլին ինքը գնացել է Ռուստամ Հարությունյանի ուղղորդմամբ:  Ինքն այդ քայլին գնացել է, քանի որ ոտքը կոտրել է Սիսակի պատճառով, ինչից բարկացել էր և Ռ.Հարությունյանը և իր կինը` Ա.Ջեյրանյանն են դրդել, որպեսզի ինքը սուտ ցուցմունք տա նախաքննության մարմնին   և մանրամասնությունները նույնպես գրել է նրանց թելադրանքով:

Ինքն այդ քայլին գնացել է աշխատանքը չկորցնելու պատճառով, քանի որ խնամքին ունի երկու երեխա և ի վիճակի չի եղել նոր աշխատանք գտնելու, բացի այդ, և ինքը, և մյուս աշխատակիցները Ռ.Հարությունյանին  պարտքեր են ունեցել, նրա մոտ աշխատել են պարտքերը փակելու համար: Մեղադրանքը հաստատող տուժողի նախաքննական ցուցմունքները, առերես հարցաքննությունն ու դեպքի վայրի զննությունը, ըստ տուժողի,  իրականությանը չեն համապատասխանում և ինքը  քննիչին սուտ մատնացույց է արել դեպքի վայրը և տվել է սուտ ցուցմունքներ:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր  Յ. Բաղդասարյանի նախագահությամբ,  օգոստոսի 30-ի դատավճռով գտել է, որ ամբաստանյալ   Սիսակ Մելքոնյանի կողմից դատաքննությամբ տրված ցուցմունքով ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով իրեն մեղավոր չճանաչելը նպատակ է հետապնդում խուսափել  քրեական պատասխանատվությունից և պատժից: «Բնավ չխախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18 հոդվածով սահմանված հիմնարար սկզբունքը` անմեղության կանխավարկածը, հարկ է նշել, որ ամբաստանյալ` Սիսակ Մելքոնյանը որպես կասկածյալ և որպես մեղադրյալ, տվել է խոստովանական ցուցմունք»,- նշվում է դատավճռում:

Դատարանն որպես անհիմն, անարժանահավատ է համարել տուժողի, վկաներ  Շահեն Քառյանի, Քրիստինե Օհանյանի, Անուշ Թումանյանի և Աշոտ Անտոնյանի դատաքննական ցուցմունքները, ըստ որոնց Սիսակ Մելքոնյանը  տուժողի նկատմամբ բռնաբարության փորձ և սպանության սպառնալիք չի կատարել: Նրանք այդ ցուցմունքները տվել են  Սիսակ Մելքոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելուն աջակցելու նպատակով:

Շարունակությունը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս