Հովհաննես Իգիթյան. «Հարցի պատասխանը կարող է տալ միայն Սերժ Սարգսյանը, որովհետև միայն ինքն է լռում»

«Այսօր իշխանությունը բացահայտ հայտարարում է` ես լրիվ ռուսամետ եմ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հայոց համազգային շարժում կուսակցության  վերականգնման նախաձեռնության անդամ, միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանը` խոսելով Մաքսային միություն մտնելու մասին Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարության մասին:

«Ես շփվում եմ եվրոպական հանձնաժողովի իմ գործընկերների հետ, և նրանք լավագույն դեպքում մեզ խղճում են, թե ինչ  թույլ է Հայաստանը,  որ Ռուսաստանը  մեզ վրա ճնշում է գործադրում»,- ասաց նա:

Հիշեցնելով  այս հարցի վերաբերյալ Եվրոպական խորհրդարարանի հայտարարության մասին` Իգիթյանն ավելացրեց. «Հիմա հարց է ծագում` արդոք  Հայաստանի վրա ճնշում գործադրվե՞լ է:  Այս հարցի պատասխանը կարող է տալ միայն Սերժ Սարգսյանը, որովհետև միայն ինքն է լռում: Միայն ինքը կարող է ասել,  թե ի՞նչ կատարվեց Մոսկվայում` սեպտեմբերի 3-ին, Պուտինի հետ հանդիպման մի քանի ժամվա  ընթացքում:

Ի՞նչ ճնշում գործադրվեց, տնտեսական ճնշում չէր կարող լինել, որովհետև այս իմաստով Ռուսաստանն ինչ ուզում էր, արդեն ստացել է մինչ այս պահ` սկասծ «Գույք` պարտքի դիմաց» գործարքից` մինչև էներգետիկ համակարգը, տրանսպորտը և այլն: Ինչ վերաբերվում է քաղաքական սպառնալիքին, ապա քաղաքական սպառնալիք ես նույնպես չեմ տեսնում, որովհետև Հայաստանն  առանց այդ էլ բոլոր միջազգային ատյաններում քվեարկում է այնպես,  ինչպես Ռուսաստանն է ասում: Ռազմական, դրանից ավել էլ ո՞ւր:  Մենք ԱՊՀ երկրներնց միակն ենք, որտեղ Ռուսաստանն ունի կանոնակարգված ռազմական ներկայություն: Մենք միակ երկիրն ենք, որից Ռուսաստանը երբեք չի դժգոհել ռազմական տեսակետից… Մնում է մի հարց, որի մասին չեն խոսում, բայց ակնարկում են, թե իբր  Ռուսաստանը սպառնալիք է ներկայացրել Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության հետ կապված: Այլ հարց է, թե արդոք ընկեր, դաշնակից պետությունը իավունք ունի՞  կամ կարո՞ղ է սպառնալիք ներկայացնել անվտանգության հետ կապված, հատկապես այն պարագայում երբ Ադրբեջանին վաճառվել է  մասսայական ոչնչացման զենք: Եթե դա իրոք այդպես է, ուրեմն, իմ կարծիքով,  Հայաստանն այդ հարցը պետք է բարձրաձայնի, որովհետև դա շատ լուրջ սպանալիք է: Եվ չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանի կողմից միանգամից ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրելը չեզոքացրեց այդ վտանգը: Ո՞վ է տալու այդ երաշխիքը, չէ՞ որ խոսքը չի գնում միայն Սերժ Սարգսյանի ճաշակի կամ Հանրապետական կուսակցության քաղաքական հայացքների, այլ մեր ժողովրդի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության մասին:

ՀՀՇ հիմնադիր անդամը հիշեցրեց, որ 1988 թ. սկսած Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմամբ զբաղվել են բոլորը, Հայաստանի քաղաքական և պետական բոլոր գործիչները, այդ թվում նույն Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Հրանտ Բագրատյանը, Վազգեն Մանուկյանը, դաշնակցականները, կոմունիստները և այլն:

«Այն ժամանակ չկար մի քաղաքական ուժ կամ գործիչ, ով այս կամ այն ձևով ներգրավված չլիներ ԼՂ անվտանգության ապահովման գործում: Ո՞վ ասաց, որ Սերժ Սարգսյանն այսօր միայնակ կարող է լուծել այդ հարցը: Մենք բոլորս ուզում ենք օգնել, բայց չգիտենք` ինչ կատարվեց»,- նշեց Հ. Իգիթյանը:

Տեսանյութեր

Լրահոս