Հրդեհ` Դավիթաշենի ավտոտեխսպասարկման կենտրոնում
Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասում` ավտոտեխսպասարկման կենտրոնում, հրդեհ է բռնկվել, հայտնում են ԱԻ նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 45/7 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի տարածքում:
Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են քաղաքապետարանի 3 ջրատար:
Նախնական տվյալներով նկուղային հարկում այրվում են մոտ 200 հնամաշ անվադող:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.38-ին, մարվել` 08.47-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: