Ինչո՞ւ է ՃՈ տեսուչը կանգնեցրել հայտնի կինոռեժիսոր Սուրեն Թադեւոսյանին. մեկնաբանում է Արսեն Արշակյանը
Հայտնի ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանի մեղադրանքները՝ իրեն կանգնեցրած եւ տուգանած Ճանապարհային ոստիկանության տեսուչի հասցեին, անհիմն են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը՝ նշելով, որ այսօր Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի տեսուչ Սահյանի կողմից երթեւեկության կանոնները խախտելու համար Պարոնյան փողոցի վրա կանգնեցվել է վարորդ Սուրեն Թադեւոսյանը՝ հետիոտնին նախատեսված վայրով անցնելու ժամանակ չզիջելու համար, եւ տեսուչի կողմից կազմվել է վարչական իրավախախտումների արձանագրություն։
«Սուրեն Թադեւոսյանի կողմից կատարված խախտումը ակնհայտ է, ունենք տեսաձայնագրություն, եւ ես կարող էի այն տրամադրել Ձեզ, բայց քանի որ դա վերաբերում է իրեն, թող ինքը որոշի։ Պատրաստ եմ նաեւ Սուրեն Թադեւոսյանին ընդունել ինձ մոտ, ցույց տալ իր կողմից կատարված խախտման ձայնագրությունը, չհամաձայնելու դեպքում վարորդը իրավունք ունի դիմել վերադաս մարմիններին կամ դատական կարգով վիճարկել»,- նշեց Արսեն Արշակյանը։