Բաժիններ՝

Կենտրոնի մի քանի շենքերի բնակիչներ «Լարկո գրուպի» փաստաբանից սպառնալից նամակ են ստացել

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Սայաթ -Նովա 12, Սայաթ – Նովա 10, Նալբանդյան 22, Թումանյան 2-րդ նրբանցքի 5-րդ շենքի և Աբովյան 25 շենքերի բակում «Լարկո Գրուպ» ՍՊԸ-ն ցանկանում է բազմաֆունկցիոնալ շենք կառուցել, ինչն առաջացրել է այդ շենքերի բնակիչների զայրույթը:

Մոտ երեք ամիս պայքարելուց հետո հուլիսի 29-ին նրանք քաղաքապետարանից նամակ էին ստացել, որ այդ տարածքում շինարարություն չի իրականացվի: Քաղաքապետարանը ցանկացել էր այդ հարցը քննարկել նաև վերոնշյալ շենքերի ներկայացուցիչների հետ և նրանցից անուններ էր ուզել հանդիպման համար:

Սակայն երեկ այն քաղաքացիները, ովքեր պետք է հանդիպման գնային քաղաքապետարան, «Լարկո Գրուպ» ՍՊԸ-ի փաստաբան Աշոտ Աբրահամյանից ստանում են նամակ, ինչը բնակիչները անվանեցին նամակ -սպառնալիք, որ եթե բնակիչները խոչընդոտեն իրենց աշխատանքը, ապա իրենք դատական կարգով բնակիչներից կգանձեն իրենց գումարը` մեկնաբանելով, որ իրենք վնասներ են կրել:

Այսօր բնակիչները հանդիպել են լրագրողների հետ և իրենց բողոքն են բարձրաձայնել տեղի ունեցածի վերաբերյալ:

«Մարդիկ սպասում էին, որ քաղաքապետը մեզ կհրավիրի և այս գործին լուծում կտրվի: Այս ընթացքում, երբ դադարեցվեց, սկսվեց մի մութ շարան, «Լարկո Գրուպ»-ի գործադիր տնօրենը` Գագիկ Հախվերդյանը, փոխարինվեց մուսկուլիստ Կարենով, ով ինչ դեր է կատարում` ես չգիտեմ, բայց այդ տղան հայտնվեց Սայաթ-Նովա փողոցում` իր հետ մի քանի մարդիկ ու կանչում է բնակիչներին, զգուշացնում է, որ այստեղ շատ մի հավաքվեք, հնարավոր է վատ բան լինի, պայթյուն լինի: Դրանից հետո հանցագործ աշխարհին է ուղարկում: Մի երիտասարդ է գալիս, իր հոր տարիքից մեծ մարդու է քաշքշում: Գալիս է մի ուրիշ մարդ, մեր լիազորին են հրավիրում, թե տես ինչ կանենք քեզ հետ, 80 տարեկան քաղաքացու են բերման ենթարկում ու վեց ժամ պահում, մարդկանց են հրավիրում բաժիններ, բնակարաններ են խուզարկվել»,- ասել է Ալբերտ Սարգսյանը:

Վերջինս նաև տեղեկացրել է, որ երեկ չէ առաջին օրը Դավիթ անունով մի երիտասարդ, ով ներկայանում է որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ, բնակիչներից մեկին ասել է, որ միլիոն ու կես վնաս են կրել և ասել է , որ «Մեկ ա, սա պետք է սարքվի»:

«Ասել է` ամենավերևից է, ընկեր, էդ վերևին հանգիստ թողեք, ձեր կոռումպացված լինելը, ձեր կաշառակեր լինելը մի կապեք վերևների հետ: Ես չեմ հասկանում` մենք որտեղ ենք ապրում ընդհանրապես: Մեր Սահմանադրության 1-ին հոդվածով գրված է, որ մեր երկիրը իրավական, սոցիալական երկիր է, գրվում է, որ երկիրը պատկանում է ժողովրդին, էս ինչ ա կատարվում էս երկրում, չկա մեկը էս երկրում դրանց գյամը ձգի, ասի` էս ինչո՞վ եք զբաղված: Էս վերջին սպառնալիքը` եթե դուք խոչընդոտում եք, մենք դատարանով մեր վնասները ձեզնից կգանձենք, դուք մեզ վնաս եք հասցնում, մենք գումար ենք ներդրել և այլն: Այ սիրելիս, այ հարգելիս, քո պայմանագրերը, քո թույլտվությունը, բոլորը կառուցված են ստերի վրա»,- ասել է Ալբերտ Սարգսյանը:

Տարածքի բնակիչներից մանկավարժ Արթուր Զաքարյանն էլ ասել է, որ իրենք ամառվա երեք անհասկանալի ամիս են անցկացնում` հույս ունենալով, որ դրական լուծում կունենա հարցը:

Մանրամասները այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս