Գալուստ Սահակյան. Հայաստանի գլխին դամոկլյան սուր չկա, որ ասի մեզ` ինչ ենք անելու

Երբ փաստաթղթերը ներկայացվեն խորհրդարան, համաձայնագիրը լինի քննարկման արժանի, իշխող հանրապետական կուսակցությունը քաղաքական որոշում կկայացնի` ինչպե՞ս քվեարկել Մաքսային միություն անդամակցելու որոշմանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու պատրաստակամության մասին:

Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք` արդյոք արդարացի չէ՞ ընդդիմության պնդումը, թե Սերժ Սարգսյանի կողմից` մտադրության մասին հայտարարությունը մինույնն է` որոշում է դառնալու, որովհետև ՀՀԿ-ականներն ու կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը կողմ են քվեարկելու անդամակցությանը:

Գ. Սահակյանն ընդդիմությանը հորդորեց. «Թող էդ մասին չմտածեն, որովհետև Հայաստանի շահն ենք տեսնելու: Երբեք որևէ փաստաթուղթ չենք ստորագրի, եթե հակասեն մեր շահերին»: Մեր հարցին, թե Հանրապետականները ազա՞տ են քվեարկության հարցում, կարող է նույնիսկ դե՞մ քվեարկել Մաքսային միությանը միանալու վերաբերյալ ԱԺ ներկայացվելիք փաստաթղթին, նա պատասխանեց. «ՀՀԿ-ն թիմային ըմբռնում է: Մենք ներքին որոշում պետք է կայացնենք: Իսկ դա բավական մեծ ընթացակարգեր ունի` քննարկումների փուլ, խորհրդի և այլն: Նախագահը հայտարարել է, որ մենք ցանկանում ենք մտնել Մաքսային միություն, իսկ երբ կլինի քննարկումների ժամանակը, որոշակի կդառնա, թե ինչ լուծման կհանգենք»:

Իսկ այն հարցին, թե ՀՀԿ-ում հիմնական կազմը կո՞ղմ է անդամակցելուն, տարաձայնություններ չկա՞ն, նա պատասխանեց. «Ով քաղաքական որոշումների տրամաբանությամբ է գնում «և-և» հարաբերությանն է կողմնակից»: Դիտարկմանը, թե ընտրության հարց մի օր կդրվի, որքան էլ Հայաստանը պնդի «և-և» քաղաքակլանությունը, Գալուստ Սահակյանը չհամաձայնեց` նշելով. «Չի կարող այդպես… Միշտ մտածեք, որ Հայաստանի գլխին դամոկլյան սուր չկա, որ ասի մեզ` ինչ ենք անելու: Օրինակ` անընդհատ հարցնում եք`  ի՞նչ կտա Եվրասիական միությունը: Ես տեսնում եմ Աբխազիայի գծի բացումը, որին Վրաստանն էլ սկզբունքորեն դեմ չէ, մենք կարծում եմ, կօգտվենք գազից, ինչից օգտվում է Բելոռուսիան… մենք էլ խնդիրներ ունենք, որոնք պետք է առաջադրենք: Այնպես չէ, որ պազարպես ասում ենք` էնքան լավ բան ա, գալիս ենք մտնենք միություն.. էդպես չէ: պետք է ռեալ մեր շահը երևա փաստաթղթում»:

Նա ընդգծեց, թե Հայաստանը պետք է շահագրգռվածություն ցուցաբերի Մաքսային միությանը անդամագրվելուն, որովհետև, ըստ նրա, ՀՀ շուկաներն «այնտեղ է` Ռուսաստանում»:

ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց, որ Մաքսային միության անդամ երեք պետությունները ևս պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն, ապա նշեց. «Առաջին պահին մեզ առաջարկ էլ չի արվել: Որովհետև այն պետությունները, որոնք անդամ են, չեմ կարծում, թե Հայաստանի մասնակցությունը միությանը իրենց համար շահեկան է, որովհետև նրանց տնտեսությունն ավելի հզոր է, նրանք ավելի շատ ապրանք են շուկա արտահանում: Մենք կարծես օվկիանոսի մեջ մի կաթիլ լինենք: Սխալ է, որ մենք մեր հարաբերությունները ի չիք դարձնենք բոլոր պետությունների հետ»:

Տեսանյութեր

Լրահոս