Տիգրան Սարգսյան. Մեզ համար կարևոր է կրթության բնագավառում եվրոպական փորձը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արևելյան գործընկերության անդամ երկրների կրթության նախարարների պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը հույս է հայտնել, որ նրանց այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա կրթության բնագավառում համագործակցությանը, ինչն էլ կնպաստի Հայաստանում այդ ոլորտում բարեփոխումների հաջող իրականացմանը: «Մեզ համար կարևոր է կրթության բնագավառում եվրոպական փորձը, ինչպես նաև նոր բարեփոխումների իրականացումը: Այդ առումով արդեն իսկ Եվրոպական միության տեխնիկական և ֆինանսական օժանդակությամբ բավականին մեծ ծավալի աշխատանքներ ենք իրականացրել՝ նպատակ ունենալով ուսումնական հաստատություններում ներդնել կրթական լավագույն ստանդարտները»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ սկսվել են բուհերի հավատարմագրման ինստիտուտի ներդրման աշխատանքները, մասնավորապես, ձևավորվել է համապատասխան կառույց:  Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության ծրագրով առաջիկա տարիների ընթացքում հայաստանյան առնվազն հինգ բուհեր պետք է անցնեն միջազգային հավատարմագրում, որը կստիպի ուսումնական հաստատություններին ներդնել եվրոպական կրթական չափանիշներ:

Արևելյան գործընկերության անդամ երկրների կրթության նախարարները ողջունել և բարձր են գնահատել կրթական ոլորտում մեր երկրում իրականացվող բարեփոխումները: Վերջիններս վարչապետին են ներկայացրել իրենց երկրում իրականացվող ծրագրերն ու, այդ համատեքստում, համատեղ փոխգործակցության ուղղությունները:   

Տեսանյութեր

Լրահոս