Եղյա Ներսեսյանից կբռնագանձվի 1+1500 դրամ
ԷկոԼուրի փոխանցմամբ՝ այսօր «Dandee Precious Metals Kapan» ընկերությունն ընդդեմ բնապահպան-ակտիվիստ Եղյա Ներսեսյանի դատավարությունը ավարտվել է հայցի մասնակի բավարարմամբ: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռեց Եղյա Ներսեսյանից հօգուտ «Dandee Precious Metals Kapan»ՓԲԸ -ի բռնագանձել 1 ՀՀ դրամ` որպես զրպարտության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում և 1500 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:
«Եթե ընկերությունը որոշի, որ պետք է բողոքարկել վճիռը, կբողոքարկեն, եթե ոչ, ապա այսքանը…ամեն դեպքում սա նշանակում էր, որ Եղյա Ներսեսյանը սուտ տեղեկություն էր տարածել, և սուտ տեղեկությունը դատարանի միջոցով հերքվեց: Այսինքն` իրականում էլեկտրաշոկ չի կիրառվել, դա իրականությանը չի համապատասխանում, իսկ 1 դրամ փոխհատուցումը նշանակում , որ մենք ճիշտ էինք, իսկ նրանք սխալ»,- ասաց ընկերության իրավական խորհրդատու Գևորգ Հակոբյանը:
Եղյա Ներսեսյանն էլ նշել է. «Դատարանը չի բավարարել նրանց գլխավոր պահանջը, ըստ որի` ես պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրեի ընկերությունից»:
Հիշեցնենք, որ «Deno Gold Mining Company», ներկայումս`«Dundee Precious Metals Kapan» ընկերությունը, դատական հայց է ներկայացրել բնապահպան Եղիա Ներսեսյանի դեմ` զրպարտության մեղադրանքով: Ընկերությունը պահանջում է, որպեսզի Եղիա Ներսեսյանը հերքի ԱՄՆ-ում իր ելույթի ժամանակ հնչեցրած հետևյալ հայտարարություն. «…գիտեք չէ Հայաստանում ոնց են վերաբերվում արտասահմանյան` օրինակ Ղափանում Գոլդ Մայնինգ կա կանադական, գիտեք չէ, էլեկտրաշոկով բանվորներին հոսանքի են տալիս, որ 24 ժամ չքնեն, որ կարողանան աշխատեն: Դա իրականություն է, եկեք, նայեք»: