Բաժիններ՝

Լրացավ հայ ականավոր ֆիզիկոս Գուրգեն Սահակյանի 100-ամյակը

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրանում է հայ ականավոր ֆիզիկոս-տեսաբան, ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի 100-ամյակը: Նա այն հազվագյուտ գիտնականներից է, ով կարևորագույն ներդրումներ է ունեցել ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամենատարբեր բնագավառներում:
Գուրգեն Սերոբի Սահակյանը ծնվել է 1913թ. սեպտեմբերի 10-ին Սառնաղբյուր գյուղում (ներկայումս՝ ՀՀ Շիրակի մարզում): 1939թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը և աշխատանքի անցել նույն համալսարանում: 1941-1945թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1951-1985-ին եղել է նույն համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1967-1972-ին՝ միաժամանակ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան: 1950-1962թթ. համատեղությամբ աշխատել է նաև Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, իսկ 1962-1970-ին՝ Բյուրականի աստղադիտարանում: 1963-ին Գուրգեն Սահակյանն արժանացել է ֆիզ.-մաթ. գիտ. դոկտորի գիտական աստիճանի, 1964-ին՝ պրոֆեսորի կոչման, 1970-ին դարձել է ՀԽՍՀ  գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, 1982-ին՝ ՀՀ ԳԱ ակադեմիկոս:
Սահակյանի աշխատանքները վերաբերում են տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկային, այլասերված գերխիտ պլազմայի և գերխիտ աստղերի ֆիզիկային, ձգողության տեսությանը: Ներմուծել է նուկլոնների ֆորմֆակտորի գաղափարը, ուսումնասիրել լիցքերի բաշխումը միջուկում, ցույց տվել, որ էլեկտրոնների առաձգական ցրումը մեծ անկյուններով հնարավորություն է տալիս հետազոտել նուկլոնների ներքին կառուցվածքը: Սահակյանի և Վիկտոր Համբարձումյանի համատեղ աշխատանքների շնորհիվ 1960-ականների սկզբին ստեղծվել է աստղաֆիզիկայի նոր ուղղություն՝ գերխիտ աստղերի ֆիզիկան: Նրանք ապացուցել են, որ միջուկային և ավելի մեծ խտությունների դեպքում նյութը տարրական մասնիկներից բաղկացած գազ է, որում թվապես գերակշռում են բարիոնները, և կառուցել են գերխիտ աստղային գոյաձևերի մոդելներ: Նրանք հայտնաբերել են նաև հարաբերականության ընդհանուր  տեսության նոր երևույթ՝ զանգվածի անոմալ պակասորդը: Այս արդյունքները կարևոր նշանակություն ունեն գերխիտ երկնային մարմինների կոսմոգոնիայի համար: Հետագա աշխատանքներում Սահակյանը ցույց է տվել, որ պտտվող նեյտրոնային աստղերի շուրջը կարող է գոյանալ խիտ պլազմային օղակաձև մագնիսոլորտ, որի արտաքին եզրը կարող է լինել բարձրէներգիական տիեզերական ճառագայթման աղբյուր: Ձգողության ընդհանրացված տեսության վերաբերյալ կատարած հետազոտություններում ենթադրել է, որ տիեզերական ձգողության հաստատունը դանդաղ փոփոխվող մեծություն է և ուսումնասիրել է այդ փոփոխությամբ պայմանավորված տիեզերաբանական էֆեկտները:   Կանխատեսել է փոքր կարգաթիվ ունեցող ծանր միջուկների իզոբարներում - մեզոնների գոյությունը, մշակել այլասերված պլազմայի հետևողական տեսություն՝ միջուկային և դրանից մեծ կամ փոքր խտությունների դեպքում, և արտածել այլասերված աստղային նյութի վիճակի հավասարումը: Նախկինում ենթադրվող նեյտրոնացման էֆեկտի փոխարեն հաստատել է պիոնացման էֆեկտը, ինչպես նաև էլեկտրամիջուկային պլազմայից դեպի համատարած միջուկային նյութի վիճակը փուլային անցման գոյությունը (խտության մոտ 500 անգամ թռիչքով ուղեկցվող):
Սահակյանը մեծ ավանդ ունի Հայաստանում տեսական ֆիզիկայի զարգացման և գիտական կադրերի պատրաստման գործում: Արժանացել է ՀԽՍՀ ԳԱ նախագահության վաստակագրի (1976թ.), պարգևատրվել է Կարմիր աստղի և Ժողովուրդների բարեկամության շքանշաններով: Մեծ է Սահակյանի ավանդը հայ ֆիզիկոսների պատրաստման գործում. Հայաստանի բազմաթիվ մեծատաղանդ ֆիզիկոսներ Սահակյանի աշակերտներն են եղել: Մի շարք դասագրքերի ու մենագրությունների հեղինակ է: Վախճանվել է 2000թ. մարտի 26-ին Երևանում:

Հայկական աստղագիտական ընկերություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս