ՀՀ-ում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերը հանձնեց
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լյուբոմիր Միշուրովիչը (նստավայրը` Պոդգորիցա):
Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ Նախագահը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման տարիները կնշանավորվեն Հայաստանի և Չեռնոգորիայի միջև փոխգործակցության օրակարգի հետևողական խորացման ու ընդլայնման գործում ձեռքբերումների արձանագրմամբ:
Հանդիպմանը զրուցակիցներն ընդգծել են, որ երկու պետությունների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ բնագավառներում համագործակցության զգալի ներուժ և երկկողմ քաղաքական կամք կա: Կարևորվել է համակողմանի փոխգործակցության ձևավորման նպատակով անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, տնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացումը, երկու երկրների գործարար շրջանակների միջև ակտիվ շփումների խթանումը, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը:
Դեսպան Լյուբոմիր Միշուրովիչը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և հարաբերությունների առավել սերտացման համար: