Ստեփան Դեմիրճյան. Ոչ թե սահմանադրությունն է պետք փոխել, այլ՝ սահմանադրությունը խախտող իշխանությանը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի գնահատմամբ՝ երկրի վիճակը մռայլ է՝ այն դատարկվում է: Քիչ առաջ ԱԺ հայտարարությունների ժամին Ս. Դեմիրճյանը շեշտեց, թե արտագաղթը դարձել է պետականության ու ազգային անվտանգության համար ահագնացող սպառնալիք: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի հաղթահարման համար ուղղված քայլերի փոխարեն, իշխանությունը՝ բիզնես դարձած վարչախումբը, զբաղված է իր մերձավորների համար գերշահույթներ ապահովելով:

«Ոպես դրական փաստ պետք է արձանագրենք քաղաքացիական խմբերի, նախաձեռնությունների հետևողական պայքարն ընդդեմ ապօրինականությունների, կամայականությունների: Մենք դատապարտում ենք քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ վերջերս գրանցված բռնությունները, պահանջում ենք բացահայտել և պատժել մեղավորներին: Առհասարակ, սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու փոխարեն լավ կլիներ, որ վարչախումբը մտածեր սահմանադրության իրականցման մասին: Ակնհայտ է, որ երկրում տիրող ամենաթողությունը պայմանավորված է ոչ թե անկատար սահմանադրությամբ, այլ՝ սահմանադրության ոտնահարմամբ: Կարելի է անվերջ բանավիճել, թե կառավարման որ համակարգն է առավել արդյունավետ, բայց դա դառնում է անիմաստ զբաղմունք, որովհետև իշխանությունը չի ձևավորվում սահմանադրության երկրորդ օրենքի համաձայն: Ավելորդ չի նշել, որ 2005 թ. սահմանադրական փոփոխություններից հետո ընտրությունների որակը երկրում չի փոխվել: Ոչ թե սահմանադրությունն է պետք փոխել, այլ՝ սահմանադրությունը խախտող իշխանությանը»:

Տեսանյութեր

Լրահոս