Բաժիններ՝

Գարեգին Չուգասզյանը դիմացի մայթից բանավեճի հրավիրեց Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներից մեկին (տեսանյութ)

Այսօր բողոքի հերթական ակցիան տեղի ունեցավ Երևանում` Փակ շուկայի խնդրին նվիրված: «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից»հասարակական շարժման նախաձեռնող խումբը, որն իր երթը սկսեց ՀՀ մշակույթի նախարարության մասնաշենքի մոտից և ավարտեց Փակ շուկայի մոտ: Այստեղ նրանց սպասում էր շուկան սեփականաշնորհած Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների հոծ բազմությունը, որը եկել էր «հակադարձելու» ակտիվիստներին:

Ավելի ուշ, Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը հենց նրանց պետք է դիմեր Մաշտոցի պողոտայի հակառակ մայթից. «Եթե ձեր մեջ կա գեթ մեկը, ով կարող է հեռակա բանավեճի մեջ մտնել և արտահայտել ձեր գաղափարները, առաջարկում եմ, որ դիմացի մայթից հայտնվի մեկը, ով գոնե երեք կապակցված նախադասություն կարող է ասել»: Դիմացի մայթից որևէ պատասխան չեղավ: Փոխարենը ցուցարարներին ամեն կերպ փորձում էր խոչընդոտել «ՀՀԿ տատիկ» անվանումով հայտնի մի տարեց կին, ով սովորաբար գովաբանում է գործող իշխանություններին և հայհոյում բոլոր ընդդիմադիր գործիչներին: Հնարավոր բախումներից խուսափելու համար ոստիկանությունը թույլ չտվեց, որպեսզի ակտիվիստները շուկայի դիմացի մայթից մոտենան շուկային, որի շրջակայքում հավաքված էին Ալեքսանյանի կողմնակիցները: Այսպիսով, երթը խաղաղ ավարտ ունեցավ:

Pak shuka01

Նշենք, որ ակտիվիստներից Գևորգ Սաֆարյանն իր ելույթում ընդգծեց, որ Փակ շուկան հանրապետական նշանակություն ունեցող հուշարձան է, որը պահպանվում է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից, որոնք հրապարակային հայտարարություններով փաստել են` Փակ շուկայում կատարվող գործողությունն ապօրինի է:

«Փակ շուկայում տեղի է ունենում վանդալիզմ, և ոստիկանությունն ու գլխավոր դատախազությունը սրա վրա աչք են փակում»,- հայտարարեց նա:

Երթին էր միացել նաև ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը:«Սիրելի ժողովուրդ, պինդ կացեք, ողջ Ղարաբաղի ժողովուրդը ձեզ հետ է, մունք լոխ ձեզնը հետ ենք, ժողովուրդ, պետք է պահպանենք մեր մշակույթը, պինդ կացեք, ձեզ մատաղ, լյոխ լավ ա»,- ասաց նա:

Մանրամասները`168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս