Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումը կայացվել է` ելնելով բացառապես Հայաստանի ազգային շահերից. Շարմազանով

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած աշխատանքային այցի արդյունքները: Այս մասին նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը: Անդրադառնալով Ս. Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստակամ է մտնել Մաքսային միություն, Է. Շարմազանովը նշեց, որ Հայաստանը պետք է իր հարաբերությունները զարգացնի և խորացնի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ:

«Որոշումը կայացվել է` ելնելով բացառապես Հայաստանի ազգային շահերից: Այս հայտարարության մեջ սենսացիոն որևէ բան փնտրել պետք չէ, որովհետև մենք տարիներ շարունակ ասել ենք, որ Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները մեզ համար շատ կարևոր են: Որևէ նոր բան տեղի չի ունեցել, մենք խորացրել ենք հարաբերությունները ռազմավարական ՌԴ հետ, ինչը բխում է  մեր տնտեսական ու քաղաքական շահերից»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ այն քաղաքական գործիչները, ովքեր մեղադրում են իրենց հասարակության հետ հարցը չքննարկելու մեջ, պետք է քաջատեղյակ լինեն, որ հասարակության ներկայացուցչական մարմինը ԱԺ-ն է, որն էլ կվավերացվի խորհրդարանի կողմից քվեարկության միջոցով:

Հարցին, թե ԵՄ ասոցացման համաձայնագիրն այս ամենից հետո նախաստորագրվելո՞ւ է, թե՞ ոչ, նա արձագանքեց այսպես. «Իսկ ո՞վ է ասում, որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագման համար խոչընդոտ է Մաքսային միությանը անդամագրությունը: Սրա մասին ոչ մի պաշտոնյա չի ասել: Ավելին՝ ՀՀ նախագահը Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այս որոշումը չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ»:

Դիտարկմանը, թե Եվրոպայից հնչած գնահատականները հակառակի մասին են խոսում՝ անհամատեղելիության, Է. Շարմազանովը ևս մեկ անգամ ասաց, թե ՀՀ իշխանությունների կարծիքը այն է, որ իրենք չեն դադարեցնում բանակցությունները Եվրոպայի հետ կամ չեն հրաժարվում նախաստորագրելուց: Իսկ հարցին թե Եվրոպան ընդունո՞ւմ է «և-և» տարբերակը, ՀՀԿ խոսնակն ասաց, թե չի կարող պատասխանել նրանց փոխարեն:

 

 

Տեսանյութեր

Լրահոս