«Բարև, Երևանը» դատական գործընթաց է սկսում Տարոն Մարգարյանի դեմ
Երևանի քաղաքապետարանի «Բարև, Երևան» ավագանու խմբակցությունը պատրաստվում է դատական գործընթաց սկսել Երևանի քաղաքապետարանի ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ` հասարակական տրանսպորտի ուղեվարձն անհիմն բարձրացնելու մեղադրանքով: 168.am-ին այս մասին հայտնեց «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Խոսքը ոչ միայն տրանսպորտի թանկացման հիմնավորման համար ներկայացրած հաշվարկների մասին է, այլև` իրավական «անօրինական» այն փաթեթի, որի հիման վրա էլ կայացվել է քաղաքապետարանի որոշումը: Ա. Բախշյանը նշեց, թե քանի որ որոշումը ստորագրել է քաղաքապետը` հասցեատերն ինքն է, և դատի են տալու հենց իրեն՝ Տարոն Մարգարյանին. «Բայց իրենով մենք չենք սահմանափակվի: Բոլոր մարդիկ, ովքեր ստորագրել են որոշումների տակ, պետք է վիճարկենք դատարանում»:
Ինչ վերաբերում է Տ. Մարգարյանի երեկվա ուղերձին, ըստ որի` հասարակական տրանսպորտը ժամանակավորապես, բայց սահմանվում է 100 դրամ, ապա Անահիտ Բախշյանն ասաց, թե իր կարծիքով՝ Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Տարոն Մարգարյանը հասկացան, որ չեն կարող հաշվի չնստել հասարակության պահանջների հետ ու կայացրեցին ժամանակավոր այս որոշումը: Հենց այդ որոշումների ընթացքը կասեցնելու համար, նրա խոսքով, «Բարև, Երևանը» դատական գործընթաց կսկսի ու դատարանի վճռով կապացուցի, թե ինչպիսի «անգրագետ» որոշումներ է կայացնում քաղաքապետարանը:
«Մենք մեր քայլերով պետք է դատարանի միջոցով ցույց տանք, թե որքան անգրագետ է եղել այդ որոշումը, անհիմն: Ոչ միայն քաղաքապետարանը, այլև իշխանությունները պետք է հասկանան, թե ինչ անհիմն որոշում են կայացրել, որոնց միջոցով իրենք ցույց են տալիս, թե որքան չեն տիրապետում օրինավոր, իրավական դաշտին»,- եզրափակեց նա` ավելացնելով, որ չի կասկածում, որ ամեն ինչ կստացվի:
Լուսանկարը՝ News.am-ի