Բաժիններ՝

Հայաստանն ու ԵՄ-ը ավարտեցին ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները

ԵՄ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵՄ-ը և Հայաստանը Ասոցացման համաձայնագրի շրջանակներում ավարտել են խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին բանակցությունները: Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրությունում:

Վերջինիս հաղորդմամբ՝ բանակցություններն ավարտվել են 7-րդ և վերջին փուլում, որն անցկացվել է Երևանում: Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը նաև ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ այդ համաձայնագրի ստորագրումը երկարաժամկետ հեռանկարում դրականորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա՝ ապահովելով տարեկան 146 միլիոն եվրոյի եկամուտ, իսկ ՀՆԱ-ն կաճի 2.3 տոկոսով:

Կանխատեսվում է, որ համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն կընձեռի 15.2 տոկոսով մեծացնել սեփական ապրանքների արտահանումը ԵՄ և 8.2 տոկոսով ավելացնել ԵՄ-ից ներկրումը: Ակնկալվում է, որ ԵՄ-ն իր հերթին տարեկան կունենա 74 միլիոն եվրոյի եկամուտ:

Նշվում է, որ ԵՄ-ը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ ԵՄ-ի երկրների մասնաբաժինը կազմում է 32 տոկոս: 2012 թվականին նրանց միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 951 միլիոն եվրո:

ԵՄ-ը և Հայաստանն Ասոցացման մասին համաձայնագրի, որը նաև նախատեսում է ազատ առևտրի գոտու ստեղծում, շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թվականի հուլիսին: Համաձայնագրի առևտրային մասի շուրջ բանակցությունները սկսվել են 2012 թվականի մայիսին:

ԵՄ-ի ու Հայաստանի միջև Ասոցացման համաձայնագիրը կարող է նախաստորագրվել այս տարվա նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս