Բաժիններ՝

Վրաստանում նախագահական կամպանիային մասնակցել ցանկացողների քանակն արդեն հասել է 22-ի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի առաջիկա նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրել ցանկացողների քանակը հասել է 22-ի: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ԿԸՀ-ը: Վերջինիս հաղորդմամբ՝ վերջին երկու օրվա ընթացքում նախագահական կամպանիային մասնակցելու հայտ ներկայացրած 12 անձանց հավելվել է ևս 10 մարդ:

Նրանք են նախաձեռնող խմբերի կողմից ներկայացված Գիյա Չխիկվաձեն, Լևան Չաչուան, Մերաբ Սուլիաշվիլին, Բեսիկ Ադամիան, Ավթանդիլ Մարգիանին, Ավթանդիլ Պիլաուրին, Ավթանդիլ Իոսելիանին, Մամուկա Մելիքիշվիլին, Նուգզար Ավալիանին և Թեյմուրազ Բոբոխիձեն:

Ավելի վաղ նախաձեռնող խմբերի կողմից ներկայացվել են Միխայիլ (Գելա) Սալուաշվիլին, Նեստան Կիրտաձեն, Մամուկա Չոխոնելիձեն, Նիկոլայ Գորգիջանիձեն, Տարիել Խվեդելիձեն, Գեորգի Գախոկիան, Գեորգի Չիխլաձեն, Մերաբ Գորգաձեն և Գեորգի Լիլուաշվիլին:

«Հանուն արդար Վրաստանի» շարժման կողմից առաջադրվել է Սերգո Ջավախիձեն, Լեյբորիստական կուսակցության կողմից՝ Շալվա Նաթելաշվիլին և Քրիստոնեա-դեմոկրատական շարժման կողմից՝ Գեորգի Տարգամաձեն: Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 27-ին:

Դեռ հայտեր չեն ներկայացրել իր նախընտրական կամպանիան սկսած «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն, իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլին:

Ակնկալվում է նաև, որ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը ներկայացնելու է Դավիթ Բաքրաձեի, իսկ ոչ խորհրդարանական ընդդիմությունը՝ երգիչ Պաատա Բուրչուլաձեի թեկնածությունը: Ակնկալվում է, որ կառաջադրվի նաև նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս