Թուրքիան մտադիր է գնել մի քանի հարյուր նոր զրահամեքենա
Defense News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանությունը նախարարությունը մտադիր է գնել մի քանի հարյուր նոր զրահամեքենա, որոնք օժտված կլինեն ականներից ու դարանից արված հարձակումներից (Mine Resistant Ambush Protected, MRAP) պաշտպանվելու տեխնոլոգիայիով:
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ իրենք առաջին հերթին գնելու են 175 զրահամեքենա: Բացի այդ, 20 զրահամեքենա էլ կարող է գնել թուրքական ոստիկանությունը:
Ընդ որում, չի բացառվում, որ թուրք զինվորականներն ու ոստիկանները կարող են հետագայում մեծացնել զրահամեքենաների պատվերը: Նոր զրահամեքենաները գնվելու են Kirpi մեքենայի փոխարեն, որը պետք է մատակարարեր թուրքական BMC ընկերությունը:
Վերջինիս հետ պայմանագիրը ստորագրվել է 2009 թվականին, ըստ որի՝ թուրք զինվորականներն այդ ընկերությունից պետք է ստանային Kirpi տիպի 468 զրահամեքենա: Սակայն դրա փոխարեն նրանք ստացել են միայն 293 մեքենա:
Մնացյալ 175 Kirpi-ի մատակարարման ձգձգման համար Թուրքիայի ՊՆ-ը 8 միլիոն դոլարով տուգանել էր BMC-ին և խզել էր նրա հետ կնքած պայմանագիրը: Մատակարարումները ձգձգվել էին ավելի քան երկու տարի:
Միևնույն ժամանակ, թուրքական ռազմական գերատեսչությունը հայտարարել է առանձին մրցույթ՝ կապված 184 թրթուրավոր և 76 անիվային զրահամեքենաների մատակարարման հետ, որոնց վրա տեղադրվելու է տարբեր տիպի սպառազինություն:
Մրցույթին մասնակցելու հրավեր են ստացել թուրքական երկու ընկերություն՝ Otokar և FNSS: Թուրք զինվորականները մտադիր են տեխնիկայի գնման վրա ծախսել 150-200 միլիոն դոլար: