Հասարակական շարժումը պետք է «կտրելու ատամ ունենա». Վարդան Բոստանջյան

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը համոզված է, որ մինչև տարեվերջ թանկացումների ալիքը մեծանալու է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետը նշեց, որ թեև չի կարող ասել, թե որ ոլորտներում կլինի գնաճ, այնուամենայնիվ, վստահեցրեց, որ կանխատեսվածից կրկնակի անգամ բարձր գնաճ է սպասվում: Ինչ վերաբերում է տնտեսական աճին, նա շեշտեց, որ գնաճի ֆոնին 2-3 տոկոս տնտեսական աճ կապահովի. «Եթե տարեվերջին մեզ ասեն, որ տնտեսական աճը 7-8 տոկոս է, մեզ շատ չպետք է ոգևորի»: Վ. Բոստանջյանը նշեց, որ գործ անողները, կեղեքողները, շարունակում են անել այն, ինչ անում են, պարզապես, եթե նախկինում մտածում էին «էս ինչ գրեցին, ինչ արեցին, հիմա ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում մեզ վրա». «Դա է պատճառը, որ մարդիկ արտագաղթում են»:

Տրանսպորտի գնի թանկացման դեմ բողոքող նախաձեռնությունների վերաբերյալ տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասաց, թե հասարակական շարժումը պետք է «կտրելու ատամ ունենա», որպեսզի իր հետևեից փոփոխության հանգեցնի: «Բայց ես նման դեպք մեզանում չեմ հիշում: Այս ակցիաները կետային բնույթ են կրում և իրենց հետևից իրավիճակի փոփոխություն չեն բերում»: Բագրատ Ասատրյանն էլ հակադարձեց՝ նշելով, որ ՀՀ պատմության հիմքում հասարակական շարժումները կարևոր են եղել: «Ես չեմ ասում, թե հարցը կկարգավորվի ակցիաներով. կարևորն  այն է՝ ինչ ծավալներ այն կստանա: Կամ պետք է թույլ չտանք մեզ հետ նման կերպ վարվել, խփել մեր գլխին, կամ ակցիաները պետք է շարունակենք»,- ավելացրեց նա: Հարցին, թե չե՞ք կարծում, որ ինքնաբուխ այդ ակցիաները կուսակցությունների կողմից պետք է ուղղորդվեն, Բագրատ Ասատրյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, որ դրոշակակիրներ պետք է լինեն»: Իսկ ԲՀԿ-ական Վ. Բոստանջյանն էլ նկատեց. «Ես չեմ առաջարկում, որ դրոշակակիր դառնան, բայց եթե նման վիճակներում կուսակցություններից գոնե մեկը կտրուկ քայլերի չի կարող դիմել, դա լիրիկական քաղաքական ուժ է, որը հետապնդոում է մի պուճուր նպատակ՝ որ մի բան էլ իրեն տան վաղը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս