Հայաստանում կպարզեցվեն երեխայի ծննդյան միանվագ, 3-րդ ու յուրաքանչյուր հաջորդ երեխայի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների վճարման ընթացակարգերը

Հայաստանում կմիասնականացվեն և կպարզեցվեն երեխայի ծննդյան միանվագ, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ բարեկեցության և սոցիալական հարցերի նախարարությունից նշել են, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով մի շարք էական նորամուծություններ են նախատեսվում։

Նախագծի ամենակարևոր փոփոխություններից մեկով՝ 2028 թվականի հունվարի 1-ից ծնված երեխաների դեպքում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կդառնա համահարթ։ Այսինքն՝ այն այլևս չի տարբերակվի ըստ ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու կամ գյուղաբնակ լինելու հանգամանքի (ներկայում այս նպաստը կազմում է 31,600 դրամ չաշխատող ծնողի, 37,500 դրամ՝ խնամքի արձակուրդում գտնվող քաղաքաբնակ ծնողի և 69,100 դրամ՝ գյուղաբնակ ծնողի համար)։

Բացի այդ, 2028 թվականի հունվարի 1-ից կկրճատվեն նաև նպաստների հետադարձ նշանակման ժամկետները. ուշ դիմելու դեպքում 3-րդ և հաջորդ երեխայի ու խնամքի նպաստները հետադարձով կնշանակվեն միայն նախորդ 3 ամիսների համար՝ գործող 6 և 12 ամիսների փոխարեն (բացառություն է ծնողի մահվան դեպքը, երբ 6-ամսյա ժամկետը պահպանվում է)։

Միասնական 3-ամսյա ժամկետ կսահմանվի նաև ՀՀ–ից բացակայելու հիմքով նպաստը դադարեցնելու համար։ Նախագծով խնամքի նպաստ նշանակելու պարտադիր պայման է դառնում ոչ միայն երեխայի, այլև ծնողի՝ Հայաստանում գտնվելը։

Նախարարությունից վստահեցնում են, որ քաղաքացիների համար կթեթևացվի նաև վարչարարական բեռը. կվերանա 3-րդ և հաջորդ երեխայի, ինչպես նաև խնամքի նպաստների վճարումը շարունակելու համար տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու և ՀՀ-ում գտնվելու մասին հայտարարություն ստորագրելու պահանջը։

Ծնողի և երեխայի՝ երկրում գտնվելը կստուգվի ինքնաշխատ եղանակով՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի միջոցով, իսկ ՀՀ վերադառնալու դեպքում նպաստի իրավունքը կվերականգնվի ավտոմատ՝ առանց ծնողի լրացուցիչ դիմումի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30