Երևանը՝ տրանսպորտային կոլապսի առա՞ջ
Տրանսպորտի թանկացման հետ կապված բողոքի ակցիա իրականացնողներն արդեն անթույլատրելի քայլրեն են անում, որոնք պետք է դիտարկվեն իրավական հարթության մեջ, և իրավապահները պետք է զբաղվեն խնդրով: Այսօր տեղի ունեցող ակցիաները 168.am-ի հետ զրույցում նման կերպ մեկնաբանեց Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Արթուր Գևորգյանը՝ նշելով, որ, բնականաբար, համարժեք արձագանք կլինի ոստիկանության կողմից:
Նրա խոսքով՝ երթուղային տաքսիների և հասարակական տրանսպորտի գինը 10 տարի շարունակ չի բարձրացվել, իսկ այդ ընթացքում կրկնակի թանկացել է գազը, դիզվառելիքը, թանկացել են պահեստամասերը, սպառողական զամբյուղը, և հասարակությունը պետք է ըմբռնումով մոտենա հարցին:
Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե քաղաքացիները շարունակեն 150 դրամի փոխարեն 100 դրամ վճարել, Գևորգյանը պատասխանեց, որ ոլորտում հիմնականում մասնավոր ընկերություններ են, ու եթե նրանց գործունեությունը շահավետ չլինի, ապա ընդհանրապես կդադարեցնեն երթևեկը և քաղաքը կհայտնվի կոլապսի առաջ. «Եթե քաղաքի տրանսպորտը կանգնի, այդ ժամանակ կերևա հասարակության իրական դեմքը, ու չես կարող ոչ մեկին ստիպել, որ վնասով աշխատեն: Նաև վարորդների խնդիրը կա, որոնք արդեն պետք է նախկինից ավելի գումար մուծեն ընկերություններին: Մասնավորապես, պետական «Երևանտրանս» ՓԲԸ-ում ավտոբուսների վարորդները, եթե նախկինում որպես հասույթ վճարում էին 30-40 հազար դրամ, ապա հիմա պետք է վճարեն 60-70 հազար դրամ»: