Բաժիններ՝

Տրանսպորտի թանկացման հարցը կդառնա՞ դատարանի քննության առարկա

Հասարակական տրանսպորտի  ուղեվարձը  150 դրամ դարձնելու Երևանի քաղաքապետարանի որոշումը  հիմնավորված չէ և անօրինական: Ըստ «Փաստինֆոյի»՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ  ներկայացուցիչ Բաբկեն Պիպոյանը համոզմունք է հայտնել, որ այսօր քաղաքապետարանը չի կարող ապահովել տրանսպորտով երթևեկելու  արժանավայել պայմաններ, որպեսզի բոլոր ուղևորները  երթևեկեն նստած, ուստի «քանի դեռ տեղափոխվում ենք վատ պայմաններում, սահմանված 100 դրամը նորմալ է»:

ՀԿ ներկայացուցիչը նշել է նաև, որ որոշ քաղաքացիներ արդեն հայտարարել են վարչական դատարան դիմելու մտադրության մասին: Նա  պատրաստակամություն հայտնեց հարցը  դատարանում վիճարկող քաղաքացիներին  տրամադրել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի  կողմից կատարված հաշվարկները,  ըստ որոնց 100 դրամ ուղեվարձի դեպքում էլ երթուղայիների սեփականատերերը գերշահույթ են ստանում:

«Մենք ոչ թե գործատուներ ենք ունեցել,  այլ առաքյալներ, ովքեր  այսօր փորձում են  տպավորություն ստեղծել, որ մեր փոխարեն իրենք են վճարել»,- նշել է ՀԿ ներկայացուցիչը: Նա  կոչ է արել հանրային ճնշում  գործադրել և անպայման դիմել Վարչական դատարան:

«Հասարակական տրանսպորտը 100 դրամ» հասարակական նախաձեռնության հիմնադիր անդամ Լուսինե Մնացականյանն իր հերթին խնդիրը լուծելու սեփական տարբերակը առաջարկեց՝ կոչ անելով պարզապես չվճարել 150 դրամ: Հասարակական նախաձեռնության հիմնադիր անդամն  այսօր առավոտյան արդեն իսկ փորձարկել է  տրանսպորտի թանկացման դեմ պայքարի իր միջոցը՝ երթևեկել է տրանսպորտով և վճարել 100 դրամ, իսկ ավելացված 50 դրամի փոխարեն տվել է թղթի մի կտոր՝ «50 դրամ» գրառմամբ:

Ակտիվիստը այդ կտրոններից բաժանել է նաև տրանսպորտում գտնված ուղևորներին և կոչ արել, որ շարունակեն վճարել 100 դրամը և վարորդին փոխանցեն այդ կտրոնը:

«Մեր վարորդները շատ կիրթ և հասկացող մարդիկ են, և սա իրենց դեմ ուղղված չի, իսկ այդ թղթի կտորները նրանք կտանեն,  կտան իրենց գործատերերին և կասեն, որ ժողովուրդը հրաժարվում է վճարել այդ 50 դրամները»,- նշել է «Հասարակական տրանսպորտը 100 դրամ» հասարակական նախաձեռնության հիմնադիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս