Մոսկվայում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների տեղեկատվական անվտանգության սպառնալիքները
Նոյեմբերի 12-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ համակարգչային միջադեպերին արձագանքման հարցերով խորհրդատվական համակարգող կենտրոնի խորհրդի 22-րդ նիստը։ Մասնակցել են կազմակերպության անդամ պետությունների համապատասխան լիազոր մարմինների ներկայացուցիչների պատվիրակությունները։
Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են տեղեկատվական անվտանգության արդիական սպառնալիքներն ու դրանց հակազդման մեթոդները։
Անդրադարձ է կատարվել վնասակար ակտիվության ցուցիչների փոխանակման ուղղությամբ համատեղ միջպետական հետազոտական աշխատանքների արդյունքներին, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում անցկացվող մասնագիտական զորավարժությունների ընթացքում հնարավոր համատեղ գործողություններին։
Մասնակիցները փոխանակվել են ֆիշինգային հարձակումներին հակազդելու փորձով և նշել, որ ակտիվացել է ՀԱՊԿ անդամ երկրների համակարգչային միջադեպերին արձագանքման կենտրոնների միջև տեղեկատվության փոխանակումը, ավելացել են համատեղ միջոցառումները, ինչպես նաև արագացել է համակարգչային միջադեպերին արձագանքման գործընթացը։
Նիստի ընթացքում ներկայացվել են նաև տեղեկատվական անվտանգության ոլորտում ազգային իրավական ակտերում կատարված փոփոխությունները։
Մասնակիցները շնորհակալություն են հայտնել կազմակերպությունում նախագահող ռուսական կողմին՝ նիստին ընդառաջ տեղեկատվական անվտանգության հարցերով խորհրդակցությունները կազմակերպելու և անցկացնելու համար։

