ԵՄ-ն Հարավային Կովկասը դիտարկում է որպես կապերի դիվերսիֆիկացման ռազմավարության մաս․ Կալլաս
Եվրոպական միությունը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջով այլընտրանքային տրանսպորտային, էներգետիկ և թվային ուղիների զարգացումը դիտարկում է որպես Եվրոպայի և Ասիայի միջև կապերի դիվերսիֆիկացման ջանքերի կարևոր մաս՝ հիմնական ծովային ուղիների շրջափակման պայմաններում․ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Մենք տեսնում ենք, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը, ինչպես նաև Սևծովյան միջանցքի, իսկ այժմ նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջափակումը բոլոր պետություններին դրդում է փնտրել առկա առևտրային ուղիներին այլընտրանքներ», – նշել է Կալլասը։
Նրա խոսքով՝ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի երկրները մեծ նշանակություն ունեն Ասիայի և Եվրոպայի միջև տրանսպորտային կապակցվածության զարգացման համար։
«Մենք քննարկում ենք էներգետիկ կապը, քանի որ անհրաժեշտ են այլընտրանքային էներգիայի աղբյուրներ և մատակարարման ուղիներ։ Մենք նաև քննարկում ենք թվային կապը, քանի որ այսօր ամեն ինչ կախված է թվային կապերից», – նշել է ԵՄ գլխավոր դիվանագետը։
Նա ընդգծել է, որ կապերի բազմազանեցումը համապատասխանում է Եվրոպական միության և նրա գործընկերների փոխադարձ շահերին։
Այսօր Բրյուսելում տեղի է ունենում միջտարածաշրջանային անվտանգության և կապի հարցերով նախարարական հանդիպում՝ ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից հետո, որին մասնակցում են Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Մոլդովայի, Թուրքիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները։ Սա այս ձևաչափով երկրորդ հանդիպումն է։
Քննարկումները կենտրոնացած են տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապերի զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վրա։

