«Ռուսալ Արմենալը» վերազինվում է. կնվազեն ծախսերը և վճարվող հարկերը
«Ռուսալ Արմենալ» ՓԲ ընկերությունն իրականացնում է արդիականացման ծրագրեր և համալիր վերազինում է հիմնական սարքավորումները: Որպես պետական աջակցություն՝ ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում նախատեսում է երկրորդ անգամ ընկերությանը թույլատրել հետաձգել ԱԱՀ վճարումը, մասնավորապես՝ ներդրումային ծրագրի շրջանակներում 2013 թ-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2015 թ-ի փետրվարի 1-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թ-ի սեպտեմբերի 1-ը:
«Ռուսալ Արմենալ» ընկերությունը ստեղծվել է 2000 թ-ին «Քանաքեռի ալյումինի գործարանի» հիմքի վրա, հանդիսանում է ալյումինե փայլաթիթեղ արտադրող միակ ձեռնարկությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, ինչպես նաև խոշորագույն արտադրական ձեռնարկություններից մեկը Հայաստանում: Ընկերությունը մտնում է աշխարհում ալյումինի և կավահողի խոշորագույն արտադրող «ՌՈՒՍԱԼ» ընկերության կազմի մեջ, որի արտադրանքը ներկայացված է ավելի քան 70 երկրներում` կազմելով աշխարհի ալյումինի արտադրանքի արտադրության կառուցվածքի շուրջ 10%-ը: Ընկերությունը ստեղծումից ի վեր արդեն կատարել է շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ, այդ թվում գերմանական Achenbach Buschutten ֆիրմայի կողմից տեղադրված վառարաններում ջերմամշակման նոր տեխնոլոգիաների կիրառումով:
Որոշման նախագծի համաձայն՝ այս հերթական վերազինումը էականորեն կնվազեցնի ընկերության արտադրության ժամանակ կատարվող ծախսերը` նպաստելով արտադրողականության և արտադրանքի մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև բարելավելով արտադրության ազդեցության մակարդակը շրջակա միջավայրի պահպանության գործում: Մասնավորապես, ընկերության կողմից արտադրության գործընթացում օգտագործվում է քսուկային սառեցնող հեղուկ, որը անհրաժեշտ է գլանման գրտնակների սառեցման և գլանման ժամանակ առաջացող շփման ուժերի նվազեցման համար: Ներկայումս ընկերության արտադրության արդյունքում նշված հեղուկի օգտագործման ժամանակ այն գոլորշիանում է: Ներդրումային ծրագրի շրջանակներում ներդրվող տեխնոլոգիական լուծումների կիրառման արդյունքում հնարավոր կլինի արտադրություն վերադարձնել մինչև 85% գոլորշիացող սառեցնող հեղուկ: Ըստ նախնական հաշվարկների՝ արտադրության ժամանակ օգտագործվող և վերադարձվող հեղուկի հաշվին հնարավոր կլինի տարեկան խնայել մոտ 3.23 մլն ԱՄՆ դոլար:
Վերազինման աշխատանքների համար նախատեսվում է ներդրումներ իրականացնել 3.9 մլրդ ՀՀ դրամ, որի արդյունքում կստեղծվի շուրջ 50-55 աշխատետեղ:
Հետաքրքրական է, որ կառավարության որոշման նախագծի համաձայն, ՊԵԿ-ը դրական կարծիք չի տվել այս նախագծին: Ըստ ՊԵԿ-ի՝ ներկայացված ներդրումային ծրագիրն, ըստ էության, ուղղված է ՓԲԸ կողմից կատարվող ծախսերի կրճատմանը, այդ թվում՝ նաև հարկերի գծով: Ներկայացված տեղեկատվության համաձայն «Ռուսալ Արմենալի» կողմից վճարվող պետական եկամուտների բաշխումն ըստ տարիների կունենա հետևյալ պատկերը. եթե 2011թին եղել է 1 մլրդ 625 մլն դրամ, 2012թ-ին` 1 մլրդ 845.9 մլն դրամ, ապա 2013թ-ին կլինի 1 մլրդ 474 մլն դրամ, 2014-ին` 1 մլրդ 395 մլն դրամ: Ընդ որում, եթե 2014-2016թթ եկամուտների կառուցվածքի մեջ հաշվարկված ԱԱՀ-ի արժեքի մեջ ներառված է սահմանին վճարվող ԱԱՀ-ի մաս, ապա ներդրումային ծրագրի ընդունման դեպքում ՓԲԸ գործունեությունից վճարվող հարկերը էլ ավելի կնվազեն: