ՀՀ կառավարությունն ուշացել է
ՀՀ կառավարությունն առաջիկա՝ հունվարի 18-ի նիստում նախատեսում է 6 մլն 71 հազար դրամ հատկացնել երիտասարդ աստղագետների համար կազմակերպվող Բյուրականյան միջազգային ամառային դպրոցներին՝ նվիրված միջնադարի մեր խոշորագույն գիտնական Անանիա Շիրակացու 1400-ամյակին: Byurakan International Summer Schools, BISS, շարքը սկսվել է 2006թ. և արդեն հասցրել է միջազգային հեղինակություն վայելել: Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) կայացած 3 դպրոցներին (2006, 2008, 2010 թթ.) մասնակցել է տարածաշրջանի, ԱՊՀ և եվրոպական 21 երկրների 100-ից ավելի երիտասարդ աստղագետ: Հրավիրված դասախոսների թվում են եղել հանրահայտ գիտնականներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Բելգիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից, ինչպես նաև՝ ԲԱ և ԵՊՀ լավագույն մասնագետները: Կառավարության որոշման նախագծում նկարագրվում է փիլիսոփա, մաթեմատիկոս, տիեզերաբան, տոմարագետ Անանիա Շիրակացու ավանդը և թողած աստղագիտական ժառանգությունը, ՀՀ-ում աստղագիտության ներկա վիճակն ու խնդիրները և, թե ինչ է նախատեսվում ամառային դպրոցի ընթացքում:
Սակայն Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ կառավարությունն ուշացել է՝ Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված ամառային դպրոցն անցկացվել է անցած տարի, որի համար իրենք գումար հայթայթել էին այլ աղբյուրից: Նա նշեց, որ այս հատկացվող գումարով այս տարի օգոստոսի 18-25-ը տեղական աստղագետների համար է կազմակերպվելու ամառային դպրոց, որին կմասնակցեն հայկական բուհերի ուսանողներ (միջազգային ամառային դպրոցները կազմակերպվում են զույգ տարիներին): Դպրոցի ընթացքում մասնակիցները պետք է նախապատրաստվեն առաջիկայում տեղի ունենալիք միջազգային գիտաժողովին:
Հիշեցնենք, որ Շիրակացու 1400-ամյակը մտել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012թ. նշանակալից իրադարձությունների ցանկը, և ՀՀ Կառավարության կողմից ստեղծվել էր հանձնաժողով՝ 2012-2013թթ. այդ տարեդարձի նշման համար: