Բերման են ենթարկել Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի Ազատության հրապարակում կայացավ Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնության հերթական հանրահավաքը:
Հանրահավաքի վերջում ելույթ ունեցավ Նախախորհրդարանի նախաձեռնող խմբի համակարգող Գարեգին Չուգասզյանը, ով հիշատակեց Զինված ուժերի սպա Վահե Ավետյանի սպանության մասին, անդրադարձավ երկրում տեղի ունեցող անարդարություններին, մասնավորապես Երևանի Փակ շուկայում իրականացվող ապօրինի շինարարությանը:
Չուգասզյանը հանրահավաքի մասնակիցներին առաջարկեց բարբարոսություն անհապաղ դադարեցնելու համար հավաքը շարունակել Փակ շուկայի դիմաց: Սակայն հավաքի մասնակիցների երթը Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկի մոտ կասեցրեցին ոստիկանները. Ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ երթն անօրինական է:
Նշենք, որ Մաշտոցի պողոտայով դեպի Փակ շուկա շարժվելու ժամանակ ոստիկանության կողմից Երևանի ոստիկանության կենտրոնի բաժանմունք է տեղափոխվել Գարեգին Չուգասզյանը: Այս տեղեկությունը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց ինքը Չուգասզյանը:
«Ես հիմա չգիտեմ իմ կարգավիճակը, բայց հիմա ոստիկանության Կենտրոնի բաժնում եմ»,- ասաց Չուգասզյանը:
«Ես չգիտեմ` ինչ հիմքով են ինձ այստեղ բերել, որովհետև ինձ ոչինչ չի ասվել: Ինձ նստեցրել են մեքենան և բերել են այստեղ»,- ասաց Գ. Չուգասզյանը:
Նախախորհրդարանի համակարգողը նշեց, որ իրեն բերման են ենթարկել Թումանյան-Մաշտոց խաչմերուկի մոտ այն բանից հետո, երբ ինքը կոչ էր արել գնալ, շտապ հավաք անցկացնել Փակ շուկայի առջև` «բարբարոսությունն անհապաղ կանխելու համար»: