ՄԱԿ-ի ամբիոնից Իրանի նախագահը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրեց իրանցի երեխաների մահվան մեջ․ ԱՄՆ ներկայացուցիչը լքեց դահլիճը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, կտրուկ պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքներին, որն Իրանն անվանել էր ահաբեկչական պետություն։ Փեզեշքիանի ելույթի ընթացքում դահլիճում ներկա գտնվող ԱՄՆ ներկայացուցիչը լքել է նիստը։
«ԱՄՆ նախագահը մեզ ահաբեկիչներ անվանեց։ Մենք ինքներս ահաբեկչության զոհ ենք եղել»,- հայտարարել է Փեզեշքիանը։
Նա ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Իրանի տարածքին հարվածներ հասցնելու մեջ և հայտարարել, որ հարձակումների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, նրանց թվում՝ երեխաներ։
«Ես ներկայացնում եմ Իրանը, որտեղ իրականում դպրոց են ռմբակոծել։ Դուք տեսնո՞ւմ եք այս երեխաներին։ Այս երեխաները զոհվել են ռումբերի տակ, այն զենքից, որը կիրառել են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը»,- ասել է Իրանի նախագահը՝ դիմելով ներկաներին։
Փեզեշքիանը շեշտել է, որ Իրանի փոքր քաղաքներից մեկում հարված է հասցվել մարզադահլիճին, որտեղ երեխաներ են եղել։ Նա ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է նաև իրանցի գիտնականների, զինվորականների, կանանց և երեխաների սպանության մեջ։
«Նրանք անմեղ էին, նրանք ոչ մի հանցագործություն չեն կատարել»,- հայտարարել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանը կեղծավորություն է անվանել այն իրավիճակը, երբ, իր գնահատմամբ, ահաբեկչական գործողություններ իրականացնողներին և ահաբեկչության կողմնակիցներ պատրաստողներն Իրանին ահաբեկիչ են անվանում։
«Մենք միայն պաշտպանվել ենք։ Մենք ահաբեկիչներ չենք»,- ընդգծել է նախագահը։
Իրանի նախագահը հայտարարել է նաև, որ երկրի խաղաղ բնակիչները դարձել են Իրանի դեմ պարտադրված «վախկոտ հարձակումների և ագրեսիայի» թիրախը, և կրկին ներկայացրել է Թեհրանի գործողությունները որպես ինքնապաշտպանություն։
Փեզեշքիանի ելույթը հնչել է Թրամփի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթից մեկ օր անց։ Ամերիկայի նախագահը խիստ քննադատել էր Իրանին և հայտարարել, որ ԱՄՆ-ը կարող է շարունակել ռազմական գործողությունները, եթե Թեհրանը չգնա համաձայնության։ Միաժամանակ Վաշինգտոնն ու Թեհրանը Նյու Յորքում ներկայացուցիչների միջոցով շփումներ են վարում։
Ինքը՝ Փեզեշքիանը, Նյու Յորք մեկնելուց առաջ հայտարարել էր, որ մտադիր է հաստատակամորեն պաշտպանել Իրանի դիրքորոշումը միջազգային հարթակում։

