ԻՀՊԿ-ն ՄԱԿ-ում Թրամփի սպառնալիքներից հետո զգուշացրել է ԱՄՆ-ին նոր հարձակումներից
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զգուշացրել է Միացյալ Նահանգներին ցանկացած նոր հարձակման մասին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում սպառնացել է ոչնչացնել Իրանին, հաղորդում է Press TV հեռուստաալիքը։
«Թրամփը մոռանում է, որ նախկինում էլ էր սպառնացել, բայց չկարողացավ իրագործել իր սպառնալիքները, իսկ հիմա կրկին հանդես է գալիս նորերով»,- Press TV-ն մեջբերում է ԻՀՊԿ ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբբիի խոսքերը։ Նա ընդգծել է, որ նման գործողությունների դեպքում Վաշինգտոնը «ոչնչի չի հասնի, բացի ձախողումից»։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը նույնպես նախազգուշացրել է, որ Թեհրանը կհասցնի «էլ ավելի խիստ, ջախջախիչ և անսպասելի հարվածներ» և նշել է, որ ԱՄՆ-ի կողմից «անհիմն մեղադրանքների և սպառնալիքների» կրկնությունը չպետք է ընկալվի որպես ուժի նշան, հայտնում է հեռուստաալիքը։
Բացի այդ, Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը չի հանձնվի և ԱՄՆ-ի ճնշման տակ չի դադարեցնի իր գործունեությունը, փոխանցում է իրանական պետական Tasnim գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երեքշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ ինքը պետք է ընտրություն կատարի՝ Իրանի հետ համաձայնագիր կնքե՞լ, թե՞ ոչնչացնել երկիրը։ Նա հույս է հայտնել խաղաղ համաձայնագրի վրա, որը կարող է հնարավոր դառնալ ԱՄՆ-ում 2026 թվականի նոյեմբերին նախատեսված միջանկյալ ընտրություններից հետո։
«Ես հավատում եմ, որ մենք գործարք կկնքենք ընտրություններից անմիջապես հետո»,- ասել է Թրամփը։
Միևնույն ժամանակ նա կրկին կրկնել է, որ իրեն հուզող միակ հարցը Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելուն չթույլատրելն է։ «Միակ բանը, ինչի մասին ես մտածում եմ, այն է, որ երբեք չթույլատրվի Իրանին ձեռք բերել միջուկային զենք»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

