#ՀԻՄԱ. ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Գագիկ Խաչատրյանին այսօր ևս իրավապահները պատգարակով բերեցին դատարան․ «Շտապօգնությունը» ևս ներկա է։ Դատարանում է նաև Գերմանիայից ժամանած բժիշկը, որին արգելել էին ՔԿՀ-ում զննել իր բուժառուին` այն պայմանավորելով լիազորագրի բացակայությամբ։
Այս դատական նիստը նորից մեկնարկեց առանց լուսաբանման հնարավորության` հակառակ հանգամանքին, որ անգամ գործով մեղադրյալ Գագիկ Խաչատրյանը դեմ չէր լուսաբանմանը, ինչի հիմքով նախորդ անգամ դատավոր Վարդեգս Ստեփանյանը մերժել էր լուսաբանումը։ Այս անգամ դատարանը խոսեց Խաչատրյանին ներգրավելու անհրաժեշտության մասին, ինչն, ըստ էության, պարզ դիրքորոշում չէր ոչ միայն փաստաբանի համար, այլև դատախազի. եթե ներկա է նիստին, հետևաբար ներգրավվել է։
Դատավորը հակառակ համոզումն ուներ. Խաչատրյանի պաշտպանական խմբի անդամ Երեմ Սարգսյանն այս համատեքստում արձագանքեց` իր պատկերացրած իրավաբանությունը տարբերվում է դատավորի իրավաբանությունից։
Հաջորդիվ դատարանն անդրադարձավ հայցին։ Գույքային հայցով դատախազը Գագիկ Խաչատրյանից պահանջում է պետությանը վերադարձնել շուրջ 11 միլիարդ դրամ։
Դատարանի որոշմամբ` Խաչատրյանը ճանաչվեց գույքային պատասխանող։

