Թուրքիայի էներգետիկ հաշվեկշիռը. Արդյոք երկա՞ր կտևի ամերիկյան նավթային անոմալիան
Բիշքեկում կայացած ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի վերջին հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Անկարան արտաքին քաղաքականության և տնտեսության ոլորտում Մոսկվայի արտոնյալ գործընկերներից մեկն է։
Մինչդեռ, ինչպես հետևում է Nordic Monitor-ի վերջերս կատարած հրապարակումից, ավելի քան երեք տարի Ռուսաստանը մնացել է Թուրքիայի նավթային շուկայի անվիճելի առաջատարը, սակայն ամռանից սկսած իրավիճակը փոխվում է։ Թուրքիայի նավթային շուկայի վիճակի մասին պաշտոնական զեկույցի համաձայն՝ 2026 թվականի հունիսին երկիր անմշակ նավթի խոշորագույն մատակարարը դարձել է ԱՄՆ-ը, այն դեպքում, երբ դեռ հունվարին Թուրքիային ոչ մի տոննա անմշակ նավթ չի մատակարարվել։
Այնուամենայնիվ, արդեն հինգ ամիս անց, դիտարկումների պատմության մեջ առաջին անգամ, ԱՄՆ-ը գրավեց առաջին տեղը Թուրքիա հում նավթի մատակարարների ցուցակում՝ առաջ անցնելով և Ղազախստանից, և շուկայի վաղեմի առաջատար Ռուսաստանից (հատկանշական է, որ վերջին երեք ամիսների ընթացքում դիզելային վառելիքի գների աճը կազմել է 21 տոկոս՝ բենզինի թանկացման տեմպը գերազանցելով 6.7 տոկոսով)։
Նման կտրուկ փոփոխությունները պայմանավորված են առաջին հերթին զինված հակամարտություններով, այլ ոչ թե կոմերցիոն պրագմատիզմի նկատառումներով։
2026 թվականի հունվարին Ռուսաստանը թուրքական նավթավերամշակման ձեռնարկություններին մատակարարել է 1,005,833 տոննա նավթ կամ նավթի ընդհանուր ներկրման (2,665,385 տոննա) շուրջ 38%-ը։ Երկրորդ տեղում Իրաքն էր՝ 518,931 տոննայով, այնուհետև Սաուդյան Արաբիան՝ 314,525 տոննայով, Ղազախստանը՝ 299,562 տոննայով, Նորվեգիան՝ 237,127 տոննայով և Գայանան՝ 138,693 տոննայով։ Եթե հաշվի առնենք նաև վերամշակված արտադրանքը, ապա Ռուսաստանի բաժինն էներգակիրների համախառն ներկրման մեջ, ներառյալ շարժիչային վառելիքի բոլոր տեսակները, հասել է գրեթե 50%-ի, մինչդեռ ԱՄՆ-ը, ինչպես նշվեց վերևում, հունվար ամսվա մատակարարների ցուցակում ընդհանրապես չի ընդգրկվել։
Սակայն հունիսին իրավիճակն արմատապես փոխվեց. ԱՄՆ-ը Թուրքիա ուղարկեց 570,676 տոննա նավթ կամ այդ ամսվա մատակարարումների ընդհանուր ծավալի շուրջ 21%-ը՝ առաջ անցնելով Ղազախստանից (463,572 տոննա) և Ռուսաստանից (425,167 տոննա, ինչը կազմում էր այդ ամսվա մատակարարումների ընդհանուր ծավալի ընդամենը 16%-ը)։ Խոշորագույն մատակարարների թվում ներառվեցին նաև Լիբիան, Իրաքը և Նորվեգիան։ Ընդ որում, հում նավթի և դրա վերամշակված արտադրանքի համախառն ներկրման մասով Ռուսաստանը դեռևս առաջատար է՝ 38% բաժնեմասով (հիմնականում դիզելային վառելիքի մատակարարումների հաշվին)։
2026 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանը մեծ տարբերությամբ մնացել է Թուրքիայի նավթի խոշորագույն մատակարարը՝ ապահովելով 4․34 միլիոն տոննա կամ վեց ամսում ներկրված 15․97 միլիոն տոննա նավթի 27%-ը (երկրորդ տեղում Իրաքն է՝ 2․81 միլիոն տոննայով, երրորդում՝ Ղազախստանը՝ 2․70 միլիոն տոննայով)։ Կիսամյակի կտրվածքով Միացյալ Նահանգները զբաղեցրել է վեցերորդ տեղը՝ 919,555 տոննա ցուցանիշով, ինչը կազմում է ընդհանուր ծավալի 6%-ից պակասը։
Այսպիսով, այն 570,676 տոննան, որն ԱՄՆ-ը մատակարարել է միայն հունիսին, կազմել է նախորդ հինգ ամիսների ընթացքում Թուրքիային վաճառված ողջ ծավալի ավելի քան կեսը՝ միասին վերցրած. թռիչքը եղել է կտրուկ ու հանկարծակի, այլ ոչ թե աստիճանական աճի արդյունք։
Այս անոմալիայի առաջին և ամենաակնհայտ բացատրությունն «Էպիկական կատաղություն» գործողությունն է, որը սկսվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից 2026 թվականի փետրվարի 28-ին և շարունակվում է արդեն ավելի քան վեց ամիս։ Հորմուզի նեղուցով մատակարարումների խափանումների պատճառով դժվարություններ են առաջացել նաև արևմտյան Իզմիր նահանգի Ալիաղա քաղաքում գտնվող TÜPRAŞ և STAR (ադրբեջանական SOCAR ընկերության) խոշորագույն նավթավերամշակման գործարաններին հումք մատակարարելու հարցում։
Երկրորդ բացատրությունը Սպիտակ տան և դրա Էներգետիկայի դեպարտամենտի մանիպուլյացիաներն են, որոնք նավթն ազատում են ռազմավարական պահուստից՝ արտակարգ պաշարից, որին կառավարությունը դիմում է գները հավասարակշռելու համար մերձավորարևելյան ճգնաժամի համապատկերին, ինչը խթանել է Brent ապրանքանիշի նավթի գների աճը։
Երրորդ բացատրությունը Nordic Monitor-ը կապում է Ռուսաստանի արտահանման հնարավորությունների նվազման հետ (այդ թվում՝ թուրքական ուղղությամբ)՝ անբարենպաստ ռազմաքաղաքական հանգամանքների, պատժամիջոցների սահմանափակումների և այլ գործոնների խորապատկերին։ Համապատասխանաբար, TÜPRAŞ-ը և STAR-ն ակտիվացրել են ամերիկյան ընկերություններից նավթ գնելու ֆորվարդային պայմանագրերը։
Արևելքից արևմուտք նմանատիպ շրջադարձ է նկատվում նաև բնական գազի մասով, թեև ավելի երկարաժամկետ հեռանկարում՝ պայմանավորված պայմանագրերով, այլ ոչ թե գնային կտրուկ տատանումներով։
2024 թվականից ի վեր թուրքական պետական խողովակաշարերի կառուցման և գազի առևտրի BOTAŞ ընկերությունն ԱՄՆ մատակարարների հետ կնքել է հեղուկացված բնական գազի մատակարարման մի շարք երկարաժամկետ պայմանագրեր: Այդ տարվա մայիսին BOTAŞ-ը ստորագրել է իր առաջին երկարաժամկետ հեղուկացված բնական գազի մատակարարման պայմանագիրն ԱՄՆ խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկի՝ ExxonMobil-ի հետ՝ 10 տարի ժամկետով, տարեկան մոտավորապես 3,2 միլիարդ խորանարդ մետր (կամ մոտ 2,5 միլիոն տոննա հեղուկացված բնական գազի) մատակարարման համար:
Նույն թվականի սեպտեմբերին BOTAŞ-ը 10 տարի ժամկետով պայմանագրեր է կնքել Shell ընկերության հետ՝ 40 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր ծավալով մատակարարման և TotalEnergies-ի հետ՝ 16 միլիարդ խորանարդ մետր մատակարարման համար, որոնց մեծ մասը մատակարարվում է Մեքսիկական ծոցի ափերից:
2025 թվականի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում BOTAŞ ընկերությունը Նյու Յորքում Mercuria առևտրային տան հետ կնքել է 20 տարվա պայմանագիր՝ տարեկան 4 միլիարդ խորանարդ մետր ամերիկյան արտադրության հեղուկացված բնական գազ մատակարարելու վերաբերյալ, ինչը 2026-2045 թվականների ընթացքում կկազմի ընդհանուր 80 միլիարդ խորանարդ մետր։
Այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ արեց Անկարային կրճատել Ռուսաստանից էներգակիրների գնումները, և երկու երկրների կառավարությունները նաև հուշագիր ստորագրեցին քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին։ 2026 թվականի սեպտեմբերից Mercuria-ի այս պայմանագրի շրջանակներում հեղուկացված բնական գազի առաջին խմբաքանակները սկսեցին մուտք գործել Սարոսի (Saros) և Դյորթյոլի (Dörtyol) թուրքական լողացող պահեստավորման և վերագազիֆիկացման (FSRU) տերմինալներ՝ հեղուկացված բնական գազը վերածելով խողովակաշարային գազի։
Բացի այդ, 2025 թվականի վերջին BOTAŞ-ը պայմանագիր է կնքել ավստրալիական Woodside Energy ընկերության հետ՝ Լուիզիանայի նախագծից 5,8 միլիարդ խորանարդ մետր հեղուկացված բնական գազ մատակարարելու համար 2030-2039 թվականներին։
Եթե Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև պատերազմն ավարտվի, և Հորմուզի նեղուցը կրկին բացվի նորմալ նավագնացության համար, կամ էլ Իրաքից խողովակաշարի կառուցման մասին ավելի վաղ սառեցված համաձայնագրի վերակենդանացման դեպքում, ամերիկյան էներգակիրների պահանջարկը կարող է նվազել։
Քիրքուք-Ջեյհան խողովակաշարը, որով տասնամյակներ շարունակ Քիրքուքի շրջակա հանքավայրերից նավթը հասնում էր Միջերկրական ծովում գտնվող Ջեյհանի արտահանման տերմինալ, պարապուրդի է մատնված 2023 թվականի մարտից, երբ Առևտրի միջազգային պալատի Արբիտրաժային հանձնաժողովն Անկարային պարտավորեցրեց Բաղդադին վճարել մոտ 1,5 միլիարդ դոլար՝ որպես փոխհատուցում Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության կողմից 2014-2018 թվականներին իրականացված չարտոնված արտահանման համար:
2025 թվականին Թուրքիան պաշտոնապես խզեց 1973 թվականի տարանցման մասին բազային համաձայնագիրը (որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի հուլիսի 27-ին): Թուրքիան հայտարարել է, որ ցանկանում է նոր համաձայնագիր կնքել, այլ ոչ թե երկարաձգել հին պայմանները, այդ թվում՝ ստանալ երաշխիքներ, որ Ջեյհանով անցնող իրաքյան նավթը չի կալանավորվի Բաղդադի նկատմամբ չմարված պահանջները մարելու համար:
2025 թվականի կեսերին Իրաքի դաշնային կառավարությունը և Էրբիլի իշխանությունները պայմանավորվեցին վերսկսել արտահանումը SOMO պետական շուկայավարման ընկերության միջոցով, բայց մինչ այժմ նոր նավթատարի վերաբերյալ համաձայնագիր չի կնքվել, ինչը պարապուրդի մեջ է պահում նավթի տեղափոխման համար տարածաշրջանի խոշորագույն միջանցքներից մեկը, մինչդեռ Իրանի դեմ պատերազմը խաթարել է մատակարարման այլ ուղիներ:
Դատելով ամենից՝ Թուրքիան կշարունակի ձգտել նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից՝ անկախ Պարսից ծոցում ճգնաժամի լուծման ժամկետներից ու ձևաչափերից և Քիրքուք-Ջեյհան նավթամուղի հետ կապված խնդիրների լուծումից։
Այս ջանքերն էլ ավելի նշանակալի կդառնան «Աքքույու» ատոմակայանի աշխատանքի մեկնարկից հետո, որը կառուցվում և շահագործվում է ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի կողմից՝ «Akkuyu Nuclear JSC» ընկերության միջոցով: Հուլիսին Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց օրինագծին, որը մինչև 2045 թվականի ավարտը զգալի հարկային արտոնություններ է տրամադրում ատոմակայանների օպերատորներին:
Ակնկալվում է, որ դա զգալի ֆինանսական օգուտներ կբերի «Ռոսատոմին», որը, դրա գլխավոր տնօրեն Ա. Լիխաչովի խոսքով, նախատեսում է չորս էներգաբլոկներից առաջինը գործարկել մինչև 2026 թվականի վերջը:
Միևնույն ժամանակ, «Բայկար» (Baykar) ընկերության վարչության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը հայտարարել է, որ Թուրքիան կարող է հասարակ սպառողի դերից անցնել միջուկային էներգետիկայի տեխնոլոգիաներ արտադրողի դերին՝ հավելելով, որ փոքր մոդուլային ռեակտորների մշակումը կարող է ավարտվել մի քանի տարվա ընթացքում։
Այսպիսով, Անկարան ձգտում է դիվերսիֆիկացնել ապագա ատոմային նախագծերը՝ ստորագրելով փոխըմբռնման հուշագիր Միացյալ Նահանգների հետ քաղաքացիական ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին։ Բանակցություններ են վարվում ամերիկյան, հարավկորեական և չինական ընկերությունների հետ՝ ապագա ատոմակայանների կառուցման վերաբերյալ: Թուրք պաշտոնյաները նշել են, որ այդ նախագծերը, ակնկալվում է, կներառեն տեղական ընկերությունների ավելի լայն մասնակցություն և տեխնոլոգիաների փոխանցում, քան «Աքքույուի» մոդելը:
Հազիվ թե Էրդողանի կառավարությունը շահագրգռված լինի հում նավթի, բնական գազի և միջուկային վառելիքի մատակարարման հարցում գործընկերներից որևէ մեկից չափազանց մեծ կախվածության մեջ հայտնվելու հարցում։
Ալեքսանդր Գրիգորև
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

