Կառավարությունը հերթական արտոնությունը տվեց «Եվրոֆուրնիտուրա»-ին
Կառավարության վերջին նիստին գործադիրն արտոնություն տրամադրեց «Եվրոֆուրնիտուրա» ՍՊԸ-ին․ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից։
«Եվրոֆուրնիտուրա»-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել երկու տեսակի սոսինձի՝ սուպեր սոսինձի և երկկոմպոնենտ սոսինձի արտադրության համար՝ իրականացնելով շուրջ 67 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 8 աշխատատեղ՝ 158 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 10-ի՝ 160 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 42 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․6 մլն դրամ։
Նկատենք, այս ընկերությունը Կառավարության համար նոր «արտոնյալ» չէ․ Ընկերությունը նմանատիպ արտոնություններ է ստացել նաև նախորդ տարիներին (օրինակ՝ 2021 և 2023 թվականներին)՝ ունիվերսալ, հայելու և հեղուկ մեխ սիլիկոնների, ինչպես նաև սոսինձների արտադրության համար հումք ներմուծելու նպատակով:
Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ այս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին, պատկանում է Ազատ Աղաջանյանին։

