«Նման տեսարաններից հաճույք ստանալը բնորոշ է սադիզմին. մեր ողբերգությունն այն է, որ երկրի ղեկավարը նման երևույթները նորմալ է համարում». Կարինե Նալչաջյան
Օրերս համացանցում լայն տարածվեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի լուսանկարները՝ պատգարակի վրա դատական նիստերի դահլիճում, նաև տեսանյութ, թե ինչպես են նրան իր տնից՝անկողնուց, դիմակավորված ԱԱԾ-ականները դնում պատգարակի վրա ու տանում դատարան։
Մարդիկ սկսեցին քննարկել ոչ թե անձին կամ նրա կատարած արարքները, այլ երևույթը, երբ անկողնուց մարդուն ուղղակի անգիտակից վիճակում հանում են ու տեղափոխում դատարան։
Այս ամենին հինգշաբթի Կառավարությունում ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը։
«Երբ սկսում ես հետաքրքրվել, տեսնում ես հանրությանը հայտնի տասնյակ գործեր, որոնք գլորվում են դատարաններում: Դուք ասում ես՝ խայտառակ տեսարան էր Գագիկ Խաչատրյանի հետ կապված: Ես հետևում եմ այդ աղմուկին, որն ավելին, քան խայտառակություն, դժվար է անվանել:
Ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգը որևէ պատճառ չուներ գործելու, եթե այդ գործողությունների հիմնավորվածությունն իր համար ակնհայտ չլիներ։
Այս տեսարանը տեսնելով, թող բոլոր ներկա և նախկին կոռուպցիոներները տեսնեն, որ ինչպես ասել եմ, որևէ մեկը չպիտի պլստա, որևէ միլիարդանոց սիմուլյանտություն… ՀՀ-ում սիրո և համերաշխության հեղափոխություն է տեղի ունեցել, որտեղ ասել ենք՝ յուրաքանչյուրն ունի շանս, էդ մարդիկ էլ են ունեցել շանս»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով իրավապահ համակարգի այն անդամներին, որ «սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պիտի տանեին»։
Հոգեբան Կարինե Նալչաջյանի բնորոշմամբ՝ երկրի ղեկավարին առհասարակ հարիր չէ նման դիրքորոշում կամ նման հայտարություն անելը նման երևույթների վերաբերյալ՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ անձն ով է կամ ինչ արարք է թույլ տվել։
«Մեր ողբերգությունն այն է, որ մեր երկրի ղեկավարը նման երևույթները նորմալ է համարում ու իրավապահներին շնորհակալություն է հայտնում։ Ըստ էության, իրավապահ համակարգն իր ասածն է արել, դրա համար էլ շնորհակալություն է հայտնում։ Նման տեսարաններից հաճույք ստանալը բնորոշ է սադիզմին, այսինքն՝ տառապանք է պատճառում ու դրանից հաճույք է ստանում։ Պատահում է, որ մարդը անգիտակցաբար ցավ է պատճառում դիմացինին, բայց դրանից հետո մեղքի զգացում է ունենում, խղճի խայթ է ունենում, և այլն։ Բայց երբ նայում է մարդու տառապանքին, ու դա իրեն հաճույք է պատճառում, ուրեմն՝ գործ ունենք սադիզմի հետ, ինչը մեծ դժբախտություն է այն համակարգի համար, որի գլխին կանգնած է նման անձնավորությունը։
Տեղի ունեցողն առհասարակ արդարության և արդարադատության հետ կապ չունի, ով ուզում է լինել տվյալ մարդը, սա մարդկայնության, բարոյականության մասին է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարինե Նալչաջյանը։
Հոգեբանը վստահ է՝ բոլորն էլ ուզում են, որ արդարությունը վերականգնվի, եթե որևէ մեկը որևէ հանցագործություն է կատարել՝ պատժվի, սակայն այդ ամենը պետք է տեղի ունենա քաղաքակրթության մակարդակում, չէ՞ որ քաղաքակրթությունը եկել ու հասել է 21-րդ դար։ Տեղի ունեցածը քարեդարյան հաճույք է՝ մարդկային տառապանքից, ինչը նորմատիվ ընկալումների հետ կապ չունի։
Կարինե Նալչաջյանի խոսքով՝ 8 տարին քիչ չէ, որպեսզի սերունդ ձևավորվի, այսօրվա 20 տարեկան երիտասարդը 8 տարի առաջ 12 տարեկան դեռահաս է եղել, երբ երկրում տեղի ունեցավ հեղաշրջում, և դրան զուգահեռ՝ երկրում տիրում է հայհոյախոսությունը, զրպարտությունները, սադիզմը, հայրենիքի կորուստ, ավեր։ Այսինքն՝ այսօրվա երիտասարդները ձևավորվել են հենց այդ մթնոլորտում։
«Երկրի առաջնորդի կերպարը շատ մեծ նշանակություն ունի, ցանկացած ոլորտի կառավարչի կերպար, նույնիսկ անկախ իրենից, հոգեբանական նույնացման մոդել է դառնում, իրենք ոճ են թելադրում։ Պատանիները ձևավորվում են այդ մոդելով, դրա համար պետք է հասկանալ՝ ինչ հատկանիշներ է պետք ունենալ, ինչ պահվածք։ Եթե երիտասարդը տեսնում է, որ կարելի է հասնել բարձր պաշտոնի՝ լինելով նման կերպարով ու ոճով, ուրեմն՝ դա լավ բան է։ Սա, իհարկե, աղետ է, եթե սերնդի համար մոդելն այս կերպարն է, ամենատարբեր տեսանկյուններից սա ողբերգություն է»,- շեշտեց Կարինե Նալչաջյանը։
Ինչ վերաբերում է բռնությանը, որի դեմ պայքարում է Նիկոլ Փաշինյանի կինը, նրան էլ միանում է Նիկոլ Փաշինյանը, ապա, ըստ մեր զրուցակցի, եթե կա խոսքի ու գործի այդքան մեծ տարբերություն, որքան էլ ուզում են՝ անմեղ արարածի կերպար ընդունեն ու խոսեն, հասկանալի է, որ ամեն ինչ ծուղակ է։
«Կարծում եմ՝ իրենց համար հիմա արդեն կարևոր է որոշ կոնվենցիաների անցկացումը, հիմա այդ ուղղությամբ են աշխատում։ Եթե մարդը մեկ անգամ խաբում է, ապա նրանից սկսում են խուսափել, տեսեք՝ մենք ինչ երկար տարիներ ենք խաբեության մեջ ապրում, բոլորն էլ դա տեսնում են, ուղղակի անզոր են որևէ բան անելու, դեռևս ելք չեն տեսնում, որից ավելի են խեղճանում»,- ընդգծեց Կարինե Նալչաջյանը։

