Նորվեգիայում ռուսական «Պրոֆեսոր Մոլչանով» նավը կալանավորվել է
Նորվեգիայի դատարանը ուկրաինական «Նավթոգազ» ընկերության պահանջով կալանք է դրել ռուսական «Պրոֆեսոր Մոլչանով» նավի վրա։
«Նավթոգազ»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 31-ին կայացված որոշումը պետք է ապահովի Ռուսաստանի դեմ ավելի վաղ ընդունված արբիտրաժային վճռի կատարումը։ Դրանով Մոսկվան պարտավոր է ընկերությանը շուրջ 4,22 միլիարդ դոլար փոխհատուցել 2014-ին բռնակցված Ղրիմում «Նավթոգազ»-ի ակտիվների բռնագրավման համար։
Դատարանի որոշմամբ՝ ռուսական նավն այժմ չի կարող լքել Շպիցբերգենի Բարենցբուրգ նավահանգիստը։ Նավի կալանքի մասին տեղեկությունը հաստատել է նաև Շպիցբերգենի ոստիկանությունը։
«Նավթոգազ»-ը Ռուսաստանի դեմ դատական գործընթացը սկսել է դեռ 2016-ին։ 2023-ին Հաագայի արբիտրաժային դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել էր ընկերությանը վճարել 4,22 միլիարդ դոլար, սակայն Մոսկվան մինչ այժմ չի կատարել այդ որոշումը։

