Ռուսական հարվածներից Օդեսայում 17 մարդ է վիրավորվել
Ռուսական օդային հարվածների հետևանքով Ուկրաինայի Օդեսա քաղաքում 17 մարդ է վիրավորվել, նրանցից երեքը՝ երեխաներ, հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերհի Լիսակը։
Նրա փոխանցմամբ՝ գիշերային հարձակման հետևանքով վնասվել է 21-հարկանի բնակելի շենք։ Հրապարակված տեսանյութերում երևում է, որ շենքի բազմաթիվ պատուհաններ կոտրվել են։
Օդեսան ռուսական զանգվածային հարձակման էր ենթարկվել նաև նախորդ գիշերը։ Երեկ հաղորդվել էր ութ վիրավորի, այդ թվում՝ հինգ տարեկան երեխայի մասին։ Վնասվել էին բնակելի շենքեր, երկու լիցեյ, բիզնես կենտրոն, պահեստներ և մեքենաներ։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հարվածների թիրախում էին նաև քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքները։

