Մեքքայի համաձայնագիրը դրական է գնահատել թուրք հասարակության 26.6%-ը․ սոցհարցում
Թուրքիայի հասարակական կարծիքի և սոցիոլոգիական հետազոտությունների «GENAR» կենտրոնը հրապարակել է ընթացիկ տարվա օգոստոս ամսվա հարցման արդյունքները։ Հարցման ընթացքում տրվել են ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օրինակ՝ «Թուրքիան առանց ահաբեկչության» գործընթացին աջակցում է հանրության 61.6%-ը, իսկ 38.4%-ը՝ ոչ։ Այդ գործընթացի արդյունքների մասին հարցին ի պատասխան՝ 28.7%-ը նշել է, որ այն «էական փոփոխություն չի ստեղծի», իսկ 6.5%-ը նշել է, որ այն մշտապես կլուծի ահաբեկչության խնդիրը:
Արտաքին քաղաքականության մեջ թուրքական հասարակության հիմնական առանցքային նախընտրությունը չի փոխվել: Մասնակիցների 49%-ը պնդել է, որ Թուրքիան պետք է լինի «անկախ կենտրոնական ուժ իր տարածաշրջանում»՝ առանց որևէ բևեռից կախված լինելու։
Օրերս Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրեցին ռազմական համաձայնագիր, որը հայտնի է Մեքքայի համաձայնագիր անվամբ։ 26.6%-ը կնքված համաձայնագիրը համարել է դրական քայլ ու նշել, որ այն կնպաստի անվտանգությանը և կայունությանը։
Համաձայնագրի Արևմուտքի (ԱՄՆ և Եվրոպա) հետ հարաբերությունների վրա ազդեցության վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ մասնակիցների 32.7%-ը պատասխանել է, որ «Այն էական ազդեցություն չի ունենա»։

