Ներե՞լ, թե՞ մոռանալ
«Ներեք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ» (Եփես. 4:32)
«Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում» (Մատթ. 5:44): Աստվածաշնչյան այս պատգամը մեր բարկության պահին հնարավոր է՝ էլ ավելի մեծ բարկություն հարուցի:
Մարդկային է: Ինչո՞ւ պիտի ներեմ նրան, ով ինձ ցավեցրել է, չի գնահատել իմ իրական եսը, ով համարել է ինձ վատը ինչ-որ մի հարցում:
Սակայն այս հարցին նայենք մյուս տեսանկյունից. ի՞նչ եմ ստանում ես չներելով: Ես ստանում եմ չարություն, բարկություն, մեղք, ես թույլ եմ տալիս, որ չարը բույն դնի իմ հոգում:
Այսպիսի բարդ պահերին հայացք դարձնենք դեպի Աստծո Որդին, ով անսահման մեծ ներողամտության օրինակ է մեզ համար: Աստված մեր սխալների հանդեպ միշտ բարեգութ և ողորմած է։ Նա մեր մեղքերը հավիտյան չի պահում Իր մտքում և չի դատապարտում մեզ մեր անկատարության համար։ Աստված գիտի, որ մենք՝ մարդիկս, տկար ու անկատար ենք, և մեր կյանքում բազմաթիվ թուլություններ ու սխալներ կան։
Եվ մի պահ մտածենք՝ եթե մեր Երկնային Հայրը մեր հանդեպ այդպիսի ողորմածություն և ներողամտություն է ցուցաբերում, եթե Նրա աչքում չկա աններելի ոչինչ, ապա մենք ինչո՞ւ, ինչպե՞ս ենք հակառակ գնում Նրա կամքին: Մենք էլ կոչված ենք նույն կերպ վարվելու միմյանց հանդեպ՝ սովորելով ներել, չպահել վիրավորանքը և չդատել միմյանց մեր սխալների համար՝ ապաքինելով մեր հոգիները, թույլ չտալով, որ չարը հաստատվի մեր սրտերում:
Ներել, սակայն, ամենևին չի նշանակում մոռանալ։ Ներել նշանակում է հիշել կատարվածը՝ առանց վրեժի, առանց ատելության և առանց թույլ տալու, որ անցյալի ցավը շարունակի իշխել մեր սրտում։
Քրիստոս մեզ սովորեցնում է ազատվել ոչ թե հիշողությունից, այլ չարությունից։ «Միմյանց հանդեպ քաղցր ու գթած եղեք, ներեք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ» (Եփես. 4:32)։

