Գալուստ Սահակյանը մեծարում է Լևոն Զուրաբյանին

Հուլիսի 4-ի ասուլիսում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, թե իշխանության ներսում «քավության նոխազների փնտրտուք» է սկսվել:

168.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց. «Գիտեք, իհարկե, ՀԱԿ-ում էլ լավ քաղաքական գործիչներ կան, բայց, վերջին հաշվով, նա այն գործիչներից մեկն է, ով անընդհատ ուզում է վերակենդանանալ ու իր շփոթը խառնում է քաղաքական իրողությունների հետ: Քաղաքական տրամաբանության մեջ նման գործիչները կարող են պարզապես մեջ ընկնել` դուրս գալ: Գնահատականներն ավելի շատ մեր կողմից են տրվել ամեն ինչի առումով: Մտածել, որ ընդդիմություն են` արմատակա՞ն… խորհրդարանում ամենաթույլ ընդդիմությունն են` տարրալուծված են ու ոչ թե ընդդիմություն են, այլ` հրճվանք են ապրում թերություններից»:

Նրա համոզմամբ, կան քաղաքական գործիչներ, որոնք ՀԱԿ-ի հետ աղերս ընդհանրապես չունեն. «Եթե Լևոն Զուրաբյանը պետք է համարվի քաղաքական գործիչ, ուրեմն ոչ թե շփոթի հետ խնդիր ունենք, այլ` ազգային շփոթի: Չի կարելի Զուրաբյանից բան խոսել: Չնայած էսքան բան ասում եմ, մտածում եմ՝ իր համար մեծարում է, բայց վերջին հաշվով՝ պետք է ասվի: Որովհետև չի կարելի անիմաստ ձևով պղտորել այն, ինչ կա»:

Գալուստ Սահակյանի հավաստմամբ՝ իրենք լավ գիտեն՝ որ ճանապարհով են գնում: Գալուստ Սահակյանը «երանի» է տալիս այն օրվան, երբ Հայաստանն էլ կունենա ընդդիմություն. «Բայց չարամիտ, չարախոս մարդիկ  որևէ նշանակություն չունեն ոչ միայն մեզ համար, այլև` հանրության: Այս օրերին Լևոն Զուրաբյանը հայտարարում է, թե վերջապես ընդդիմությունը հաղթեց… Մի կերպ փողոցից ներս ընկած, հետո դուրս պրծած ուժը չի կարող ասել, թե հաղթեց: Ընդհանրապես անիմաստ քննարկման պրոցեսի մեջ ընկած, այլայլված մի ոմն անձ չի կարող պետական շահերից բխող խոսք ասել»:

Տեսանյութեր

Լրահոս