Երես թեքեցինք Աստծուց, դրա համար էլ կորցրեցինք… Կա մարդ, որին մինչ օրս չեմ ներել. Կարեն Մոլիտվին
Հեռուստահաղորդավար և հանդիսավար Կարեն Մոլիտվինը 168TV-ի «Ռանդևու»-ի տաղավարում անդրադարձել է իր կյանքի, մանկության, հեռուստատեսային գործունեության, այսօրվա հասարակության, սոցիալական ցանցերի, մշակույթի և անձնական ապրումների մասին հարցերին։

Ասում է՝ մեծացել է երաժշտական ընտանիքում, որտեղ մշտապես լավ երաժշտություն էր հնչում։ Նա հիշեց նաև 90-ականների դժվար, բայց, իր խոսքով՝ ավելի ջերմ ու մարդկային տարիները։
«Այսօր ամեն ինչ հասանելի է, բայց կարծես չկա այն համն ու հոտը, ջերմությունը»,- նկատեց նա։
Մոլիտվինի կարծիքով՝ այսօր փոխվել են նաև մարդկային հարաբերությունները, և այդ փոփոխության պատճառներից մեկը մարդկանց՝ հավատից ու եկեղեցուց հեռանալն է։
«Երբ մենք մեր երեսը թեքեցինք եկեղեցուց, Աստծուց, այդ ժամանակվանից սկսեց պակասել մեր միջի ջերմությունն ու բարությունը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այսօր երեխաների կյանքում չափազանց մեծ տեղ են զբաղեցնում հեռախոսներն ու սոցիալական ցանցերը։
Հաղորդավարն այս համատեքստում խոսեց նաև տեղեկատվական դաշտի մասին՝ նշելով, որ հասարակությունը հաճախ ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում բացասական, սկանդալային կամ աղմկահարույց թեմաների նկատմամբ, մինչդեռ դրական ու արժեքավոր ձեռքբերումները հաճախ մնում են ստվերում։
Նա անդրադարձավ նաև հայկական հեռուստատեսության այսօրվա վիճակին՝ ընդգծելով, որ որակյալ հեռուստատեսային պրոդուկտ ստեղծելու համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ և ռեսուրսներ։

Մոլիտվինի խոսքով՝ սմարթֆոններն ու ինտերնետը մեծ հարված են հասցրել հեռուստատեսությանը, սակայն դա դեռ չի նշանակում, որ հեռուստատեսության վրա պետք է «խաչ քաշել»։
Կարեն Մոլիտվինը խոսեց նաև իր եթերային դադարի մասին՝ հերքելով այն խոսակցությունները, թե որոշ մարդիկ փորձել են խոչընդոտել իր վերադարձին հեռուստատեսություն։
Նրա խոսքով՝ այդ շրջանում ինքը պարզապես որոշել է դադար վերցնել, վերանայել շատ հարցեր և նոր փորձ ձեռք բերել նաև լրատվական ոլորտում։
Հետաքրքիր էր նաև հաղորդավարի պատմությունը լրատվական ոլորտում աշխատելու տարիների մասին։ Նա խոստովանեց, որ շատերին անսովոր էր իրեն տեսնել լուրջ ու զուսպ լրատվական հաղորդավարի կերպարում, քանի որ իրեն հիմնականում ճանաչում էին որպես ավելի ազատ, հումորով ու դրական մարդու։
Սակայն ամենաուշագրավ դրվագներից մեկը կապված էր նրա արտաքինի, մասնավորապես՝ մորուքի հետ։ Մոլիտվինը պատմեց, որ իրեն առաջարկել էին փոխել կերպարը, սակայն ինքը չէր պատկերացնում իրեն առանց մորուքի, և, մի շարք քննարկումներից հետո, կարողացավ եթեր դուրս գալ իր սովորական կերպարով։
Զրույցի ընթացքում Կարեն Մոլիտվինը բավականին կտրուկ խոսեց այսօրվա հանդիսավարների և երգիչների մասին։ Նրա կարծիքով՝ ցանկացած մարդ կարող է փորձել իրեն այս կամ այն մասնագիտության մեջ, սակայն խնդիրը ոչ թե իրենց ներկայացնողների, այլ նրանց ընտրողների մեջ է։
«Մեղավորը նրանց գնահատողն ու տեղ տվողն է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հաճախ մարդիկ որակի փոխարեն նախընտրում են ավելի մատչելի տարբերակը, իսկ հետո միայն հասկանում իրենց ընտրության հետևանքները։
Մոլիտվինը նաև խոստովանեց, որ եղել են դեպքեր, երբ հաճախորդները նախապես ձեռք բերված պայմանավորվածություններից տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են, սակայն հետագայում պարզվել է, որ միջոցառումն իրականում կայացել է՝ այլ հանդիսավարով։

«Ավելի լավ է անկեղծ ասեն՝ փոշմանել ենք, կամ ուրիշ մարդ ենք ընտրել, քան սուտ պատմություններ հորինեն»,- նկատեց նա։
«Ռանդևու»-ի բլից հարցերի ընթացքում Կարեն Մոլիտվինն ասաց, որ ամենաշատը վախենում է մի օր արթնանալ և իր կողքին չտեսնել իր համար ամենաթանկ մարդկանց։
Անդրադառնալով ներելու մասին հարցին՝ Կարեն Մոլիտվինը խոստովանեց, որ կա մարդ, որին մինչ օրս չի ներել։
«Այս կյանքում ամենաբարդը ներելն ու շնորհակալ լինելն է»,- ասաց նա։
Իսկ հարցին, թե վերջին անգամ ե՞րբ է արտասվել, հաղորդավարը պատասխանեց՝ «Եռաբլուրում»։

