Մոսկվայի հնչեցրած սպառնալիքներից հետո Լոնդոնը կշարունակի 100%-ով աջակցել Ուկրաինային․ Բրիտանիայի վարչապետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ Լոնդոնը կշարունակի «100%-ով» աջակցել Ուկրաինային՝ չնայած Մոսկվայի նախազգուշացմանը հնարավոր «հետևանքների» մասին, որոնք կարող են առաջանալ Ռուսաստանի տարածքին հասցված ուկրաինական վերջին հարվածներում բրիտանական ԱԹՍ-ների կիրառման պատճառով, հայտնում է BBC News-ը:

«Մենք միայն լավ պայմանների բարեկամներ չենք։ Մենք կլինենք Ուկրաինայի կողքին նրա կարիքի պահին, և դա չի փոխվի», — լրագրողներին հայտարարել է Բըրնհեմը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը Լոնդոնին մեղադրել էր «ուկրաինական ճգնաժամի դիտավորյալ էսկալացիայի» մեջ՝ այն բանից հետո, երբ հաստատվել էր, որ բրիտանական արտադրության անօդաչու սարքեր են կիրառվել Ռուսաստանի տարածքում իրականացված հարձակումներում:

«Որքան խորը լինի հակամարտությունում [Մեծ Բրիտանիայի] ներգրավվածությունը, այնքան ավելի բարձր կլինի գինը», — հայտարարել են ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունում: Այնտեղ նաև նախազգուշացրել են, որ Լոնդոնի գործողությունները «անխուսափելիորեն կհանգեցնեն հետևանքների, որոնց համար նա ստիպված կլինի պատասխան տալ»՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը:

Ի պատասխան՝ Բըրնհեմը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային օգնություն է տրամադրում ռուսականներխուժումից պաշտպանվելու համար և մտադիր է հավատարիմ մնալ այդ քաղաքականությանը:

«Մենք աջակցություն ենք ցուցաբերում, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել: Այդպիսին է եղել Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն այս ողջ հակամարտության ընթացքում՝ նախորդ վարչապետների օրոք, և դա մնում է նաև իմ դիրքորոշումը», — ասել է նա:

Մոսկվայի նախազգուշացումը հնչել է Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող օբյեկտներին ուկրաինական հարվածների ակտիվացման ֆոնին: Վերջին օրերին ուկրաինական ուժերը հարձակվել են, մասնավորապես, նավթավերամշակման ձեռնարկությունների և լոգիստիկ օբյեկտների վրա:

Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ վերջին հարձակումներում օգտագործվել են բրիտանական արտադրության անօդաչու թռչող սարքեր: Ռազմական աղբյուրը հաստատել է, որ Ուկրաինան նման ապարատներ է կիրառել Ռուսաստանի տարածքին հարվածելու համար: Ըստ գնահատականների՝ հարձակումներն ավելի քան 35 միլիարդ ֆունտ ստեռլինգի վնաս են հասցրել ռուսական տնտեսությանը:

Ապրիլին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ուկրաինային տասնյակ հազարավոր անօդաչու սարքեր, այդ թվում՝ հեռահար հարվածային ապարատներ մատակարարելու մասին: Լոնդոնում այս փաթեթն անվանեցին Կիևին բրիտանական ռազմական աջակցության ողջ պատմության մեջ ամենախոշորը:

Մեծ Բրիտանիան մտադիր է նաև Ուկրաինային փոխանցել «Stone Cloak» նոր տեխնոլոգիան, որը նախատեսված է ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի ռադիոէլեկտրոնային ճնշման համար:

Վերջին երկու օրվա ընթացքում ուկրաինական ուժերը հարյուրավոր անօդաչու սարքեր են արձակել Մոսկվայի մարզի ուղղությամբ: Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ հարձակումներից մեկի հետևանքով տուժել է 10-ամյա աղջիկ, ինչպես նաև վնասվել է «Wildberries»-ի պահեստը:

Երեքշաբթիի գիշերը ռուսական իշխանությունները հայտարարել են դեպի Մոսկվայի մարզ ուղղված մոտ 620 անօդաչու սարքերի մասին: Նրանց տվյալներով՝ ռուսական ՀՕՊ-ը ոչնչացրել է դրանցից ավելի քան 180-ը, ընդ որում՝ մի քանի մարդ վիրավորվել է:

Շաբաթ օրը Ուկրաինան, ռուսական տարածաշրջանային իշխանությունների տվյալներով, Ռուսաստանի տարածքի ուղղությամբ արձակել է շուրջ 822 անօդաչու սարք, որոնցից մոտ 600-ը, իբր, ուղղված են եղել Մոսկվայի ուղղությամբ: Հարձակումների հետևանքով հաղորդվել է յոթ զոհի մասին:

Միևնույն ժամանակ շարունակվում են Ուկրաինայի ուղղությամբ ռուսական հարվածները: Երեքշաբթիի գիշերը Խարկովի մարզի Պեչենեգի գյուղում ռուսական երկու հրթիռային հարվածները հանգեցրել են 10 մարդու մահվան: Ռուսական վերջին հարձակումների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ Սումիի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչներ:

2022 թվականի փետրվարին ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Մեծ Բրիտանիան մնում է Ուկրաինայի խոշորագույն ռազմական և քաղաքական դաշնակիցներից մեկը: Հուլիսի վերջին Բըրնհեմը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հայտնել է, որ Կիևը կարող է հույս դնել Լոնդոնի աջակցության վրա «այնքան, որքան անհրաժեշտ լինի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31