Տիգրան Վիրաբյանն աշխատանքից ազատվել էր մինչև ստուգումները. Արարատի մարզպետ
Արարատի մարզի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանի ձերբակալության մասին մամուլում տարածված լուրերը ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից 168.am-ի հետ զրույցում պաշտոնապես ո´չ հաստատեցին, ո´չ հերքեցին: ՀՔԾ մամլո խոսնակ Միքայել Ահարոնյանը մեզ հետ զրույցում պատճառաբանեց, որ աշխատանքային ժամն ավարտվել է և հարցը կկարողանա ճշտել վաղն առավոտյան:
Նա հայտնեց, որ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից 4 մարզերում (Գեղարքունիք, Արարատ, Կոտայք և Շիրակ) իրականացված ստուգումների արդյունքներով հարուցված քրեական գործերը միացվել են իրար, առայժմ նախաքննություն է ընթանում և «անմեղության կանխավարկածից, գործի գաղտնիությունից ելնելով՝ որևէ տեղեկություն չեն կարող հրապարակել»:
Ֆինանսական վերահսկողության տեսչությունը բոլոր մարզերում չարաշահումներ էր հայտնաբերել` գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությամբ տրամադրվող դիզելային վառելիքի հատկացման հետ կապված: Խոսքը պետբյուջեից որպես սուբսիդիա հատկացված միլիոնավոր դրամների մասին էր:
Դիզելային վառելիքի չարաշահումների հետ կապված բարձրացած աղմուկի ժամանակ արձակուրդ էր գնացել Արարատի ՀՀԿ-ական մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ): Վերջինս արդեն վերադարձել է արձակուրդից և այսօր երեկոյան աշխատանքային քննարկում էր անցկացնում մարզպետարանում՝ մթերումների հետ կապված:
Մեզ հետ զրույցում Է.Բարսեղյանը նշեց, թե տեղյակ չէ գյուղվարչության պետի ձերբակալությունից: «Տիգրան Վիրաբյանը մինչև ստուգումները աշխատանքից ազատվել էր»,- ասաց մարզպետը:
Հիշեցնենք, որ Արարատի մարզում սուբսիդավորվող դիզելային վառելիքից օգտվել էին նաև Հովիկ Աբրահամյանի հարազատները՝ ԱԺ նախագահի եղբորորդի Հովհաննես Աբրահամյանը և ԱԺ նախագահի եղբայրն Հենրիկ Աբրահամյանը՝ համապատասխանաբար 12.9 հազ. և 35 հազ. լիտր վառելիք: