Եթե Դուք ամենաբացն ու թափանցիկն եք, ինչու եք սահմանափակում ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը. Ղահրամանյան

ՀՀ Ազգային ժողովը պետք է ծառայի ոչ թե միայն իշխանական մեծամասնությանը, այլ ամբողջ հասարակությանը։ Այսօր ԱԺ նախագահի ընտրության քննարկման ժամանակ այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ քննադատելով Ռուբեն Ռուբինյանի օրոք լրագրողների աշխատանքի նկատմամբ սահմանված սահմանափակումները։

Պատգամավորը հիշեցրեց, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ամբողջ խորհրդարանի ինստիտուտն է։

«Պարո՛ն Ռուբինյան, Ձեզ ներկայացնելիս ասում են, որ ամենաբաց և թափանցիկ գործիչն եք։ Եթե դուք ամենաբացն ու թափանցիկն եք, ապա ինչո՞ւ եք այսօր սահմանափակում ԱԺ տարածքում լրագրողների ազատ տեղաշարժը, ինչո՞ւ եք որոշում՝ նրանք որտեղ պետք է կանգնեն, ինչ պետք է տեսնեն ու ինչ նկարեն»,– ասաց Ղահրամանյանը։

Նրա խոսքով՝ տարիներ առաջ լրագրողները խորհրդարանում կարող էին ազատ աշխատել, այդ թվում՝ նկարահանումներ իրականացնել նաև ԱԺ ճաշարանում, իսկ այդ ժամանակ նրանց աշխատանքը չէր խոչընդոտվում։

«Մի դրվագ ոչ այնքան հեռավոր անցյալից, պարոն Ռուբինյան․ Դուք նախկին խմբագրի (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին–խմբ.) թիմի ներկայացուցիչ եք, որի թերթի լրագրողներն ԱԺ տարածքում շարժվում էին, ինչ ուզում էին՝ նկարում էին, աշխատում էին անխոչընդոտ։ Նրանք իրենց աշխատանքային տարածք էին համարում նաև խորհրդարանի ճաշարանը։ Երբ հարցնում էին՝ ինչո՞ւ են նկարում այնտեղ, պատասխանում էին՝ պատմության համար։

Հիմա պատմությունից ի՞նչ ունեք թաքցնելու, որ ավելի եք խստացրել ձեր նախորդի օրոք գործող կարգավորումները»,– նշեց Ղահրամանյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ լրագրողների աշխատանքի կարգավորումները ներդրվել են 2019 թվականին, խստացվել՝ 2021-ին, իսկ այժմ, նրա գնահատմամբ, սահմանափակումներն ավելի են ընդլայնվել։

«Երբ սահմանափակվում է լրագրողի խոսքը, դրան հաջորդում է տեղեկատվության սահմանափակումը, ապա ճշմարտության թաքցնելը հասարակությունից։ Մենք այս 8 տարվա ընթացքում հենց այդ իրավիճակում ենք, ինչը լեգիտիմության ճգնաժամի դրսևորման օրինակ է»,– եզրափակեց Ղահրամանյանը։

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ ԱԺ–ում լրագրողների տեղաշարժի սահմանափակումները չեն համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված համաչափության սկզբունքին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31