Բելառուսը սկսել է դեսանտա-գրոհային բրիգադ ձևավորել Ուկրաինայի հետ սահմանին

Բելառուսի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Ալեքսանդր Իլյուկևիչը Բելառուսի պաշտպանության նախարարության հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Մինսկն Ուկրաինայի հետ սահմանի մոտ սկսել է նոր օդադեսանտային բրիգադի ձևավորումը։ «Մենք արդեն ձեռնամուխ ենք եղել զորամասերի ձևավորմանը․ ձևավորվել է մեկ գումարտակ։ Այս տարի ձևավորում ենք ևս մեկ գումարտակ, մարտական ապահովման, հրետանային, զենիթային և հետախուզական ստորաբաժանումներ», — նշել է նա։ Իլյուկևիչը հայտնել է, որ նոր բրիգադի սպայական կազմն արդեն համալրված է, իսկ անձնակազմը՝ զորակոչված։ Ստորաբաժանումը տեղակայվելու է ուկրաինական սահմանից ոչ հեռու գտնվող Գոմելի շրջանում։

Հունիսի վերջին Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Սեկրետան հայտարարել էր, որ ուկրաինական զորքերի ներխուժման փորձի դեպքում Բելառուսը կգործադրի ողջ ռազմական ներուժը։ «Եթե սահմանն առանց թույլտվության կամ ագրեսիվորեն հատվի, մենք կպատասխանենք՝ կիրառելով մեր ողջ ներուժն ու բոլոր միջոցները։ Եվ մեր ուկրաինացի հարևանները գիտեն դա», — ասել էր նա։

Դրանից կարճ ժամանակ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուշադրություն էր հրավիրել Ուկրաինայի սահմանի երկայնքով բելառուսական ռազմական ենթակառուցվածքների, այդ թվում՝ նոր ճանապարհների, զինամթերքի և վառելիքաքսանյութերի պահպանման բազաների կառուցման վրա։ Զելենսկին նշել էր, որ Կիևն արդեն փոխանցել է Մինսկին համապատասխան ազդանշանները։ Նա նաև հայտարարել էր, որ ագրեսիայի համար կիրառելի սահմանամերձ ենթակառուցվածքների զարգացումը պետք է դադարեցվի, իսկ դեէսկալացիայի նախաձեռնությունները պետք է բխեն հենց բելառուսական կողմից։

Հուլիսի վերջին Բելառուսի իշխանություններն անսպասելիորեն հայտարարել են սահմանին սպառնալիքի նշանների բացակայության մասին։ Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը Ալեքսանդր Լուկաշենկոյին զեկուցելուց հետո հայտնել է, որ երկրի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը մնում է կայուն, իսկ հիմնական լարվածությունը նկատվում է միայն տեղեկատվական տիրույթում։

«Հետևելով ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի գործունեությանը՝ մենք մեծ ակտիվություն չենք տեսնում։ Հարևան երկրներում անցկացվում է զորավարժությունների նվազագույն քանակ՝ ընդամենը մեկը, ինչպես նաև թռիչքների նվազագույն քանակ։ Ուստի մենք կարծում ենք, որ այն (Բելառուսի շուրջ տիրող իրավիճակը) կայուն է, և որևէ սպառնալիք, լարվածություն կամ հանկարծակի հարձակման նախապատրաստություն մենք չենք տեսնում», — ասել էր նա։ Ընդ որում, Խրենինն առանձնահատուկ ընդգծել էր, որ բելառուսական կողմը ուկրաինական ստորաբաժանումների կողմից ագրեսիվ գործողությունների նախապատրաստման ապացույցներ չի տեսնում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31