Զելենսկին դաշնակիցներին կոչ է արել արագացնել Patriot համակարգերի հրթիռների մատակարարումը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Ռուսաստանի հերթական զանգվածային հարվածներից հետո, արևմտյան դաշնակիցներին կոչ է արել արագացնել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների և այլ սպառազինության մատակարարումը։
Նրա խոսքով՝ միայն անցած շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է շուրջ 1900 անօդաչու թռչող սարք, 1600 կառավարվող ավիառումբ և 144 հրթիռ։
Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մեծացնել բալիստիկ հրթիռների արտադրությունը, մինչդեռ այդ արտադրությամբ զբաղվող մի շարք ռուսական ընկերություններ դեռևս չեն հայտնվել միջազգային պատժամիջոցների ցանկում։
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ աշխարհում Patriot համակարգերի հրթիռներ կան, և այժմ անհրաժեշտ է, որ գործընկերները քաղաքական որոշում կայացնեն դրանք Ուկրաինային տրամադրելու վերաբերյալ։
Օգոստոսի 1-ին Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել էր Կիևին։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ զոհվել էր առնվազն ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։ Զելենսկիի խոսքով՝ բոլոր հրթիռները չի հաջողվել խոցել Patriot համակարգերի հրթիռների պակասի պատճառով։

