Դուք մանդատագող եք. չեք բավարարվել` էդ մարդուն ունեզրկում եք, «Արարատ» անունով ինչ ունի, վերցնում են. Ագնեսա Խամոյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մանդատագող է։ Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահի ընտրության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հավելելով, որ ՔՊ–ն որևէ կապ չունի ժողովրդավարության հետ, թեպետ դրա մասին ամենաբարձրն է խոսում։

«Դուք ժողովրդավարության հետ կապ ունեք այնքան, որքան ընդդիմության վրա հարձակվող կարմիր բերետավորը՝ դիվանագիտական արվեստի հետ»,– ասաց Խամոյանը։

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունները ոչ միայն գողացել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայները, այլև այսօր ունեզրկում են կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Միևնույն ժամանակ Խամոյանը հայտարարեց, թե կասկած ունի, որ Ծառուկյանին ունեզրկում են զուտ նրա համար, որ ընկերությունների անվանումների մեջ կա «Արարատ» անունը։

«Նկատե՞լ եք, որ այդ մարդն Արարատ անունով ինչ ունի, հիմա վերցնում են։ Վստահ եմ արդեն, որ ունեցվածքը չէ հարցը, այլ այդ ցուցանակները՝ «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ, «Արարատցեմենտ»․ երևի զուտ այս ցուցանակները հանելն է հարցը։ Մերօրյա, ինչպես պնդում է այս իշխանությունը, «իրական Հայաստանում», երբ ցուցանակը փոխում ես, դառնում է օրինական։ «Մուլտի Վելնեսը», որ իշխանությունները խլեցին ու իրենց ցուցանակը կպցրեցին, շինությունը, որն իբրև անօրինական էր, դարձավ օրինական»,– շարունակեց Խամոյանը։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկեց հունիսի 26–ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31